Ղրղըզստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու մասին օրենքին։
Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 11-ին, Հիմնական օրենքի նոր տարբերակը էականորեն կուժեղացնի նախագահական իշխանությունը՝ այդ թվում նախագահին հնարավորություն ընձեռելով այդ պաշտոնում առաջադրվել երկրորդ անգամ։
Փոփոխություններն ընդունվելու դեպքում երկիրը փաստացի կանցնի նախագահական կառավարման, բացի այդ՝ առաջարկվում է ստեղծել առանձին Սահմանադրական դատարան և կրճատել խորհրդարանականների թիվը։
Մի շարք քաղաքական գործիչներ, իրավաբաններ պնդում են, որ նախագիծն ընդունվում է խախտումներով։ Առաջարկվող փոփոխությունների ամբողջական տեքստը հանրաքվեից մեկ ամիս առաջ դեռևս չի հրապարակվել, փոփոխությունները ետ կանչելու կոչով է հանդես եկել Human Rights Watch իրավապաշատպան կազմակերպությունը։
Խորհրդարանի մեծամասնությունը՝ 94 պատգամավոր, այդուհանդերձ, հինգշաբթի օրը կողմ է քվեարկել օրենքին, դեմ՝ ընդամենը 6 օրենսդիր, հայտնում է «Ազատության» ղրղըզական ծառայությունը՝ հավելելով, որ պատգամավորները քվեարկել են՝ առանց քննարկելու փոփոխությունները։