Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներին 


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, և այն հաղթահարելու համար հանդիպման է հրավիրում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներին։

Երեկ երեկոյան նախագահականի տարածած հաղորդագրությունում կարդում ենք. - «Իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական: Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը: Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժամը12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում»:

Երեկ երեկոյան չհաջողվեց արձագանք ստանալ իշխանության ու խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը երեկ երեկոյան լրագրողներին փոխանցեց, որ հարցը դեռ չի քննարկել իր գործընկերների հետ, ուստի ներկայացնում է իր անձնական տեսակետը։

«Խնդիրը հետևյալն է՝ ինչի՞ մասին պետք է խոսենք։ Մեր համար կարևորը ցանկացած հանդիպման ժամանակ օրակարգն է՝ ի՞նչ օրակարգով պետք է խոսենք։ Երբ որ կլինի հայտնի օրակարգը, կլինի ինչի մասին․․․, եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել ա, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, էդ օրակարգով կարելի է խոսել, բայց, եթե ինչ-որ հերթական, ներողություն, կապիկության համար քննարկումներ ա, մենք էդտեղ չկանք», - ասաց Սաղաթելյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս կարծում է, որ Հայաստանը շարունակում է գտնվել քաղաքական ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ելքն արտահերթ ընտրություններն են։

«Օնիկ Գասպարյանի հետ կապված խնդրի հանգուցալուծումը շատ կարևոր է, կարելի է ասել, որ դա ավելի մեծ որոշակիություն է մտցնում ներքաղաքական իրավիճակում և այդ ճգնաժամը դարձնում է կառավարելի, իսկ ավելի ճիշտ՝ վերադարձնում է կառավարելիության հուն, ինչից դուրս գալու վտանգն ակնհայտորեն կար սկսած փետրվարի 25-ից մինչ այս օրը», - «Ազատության»-ը ասաց Մեհրաբյանը։

XS
SM
MD
LG