Կառավարությունը որոշել է դադարեցնել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնավարումը
Կառավարությունը որոշել է դադարեցնել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը։ Պաշտոնական տեղեկությունը տարածվեց մամուլում շրջանառվող այն լուրերից հետո, թե իբր Քլարկ-Հաթինգին Հայաստանի իշխանությունները պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ են հայտարարել՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար։ Մինչդեռ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի հաստատում այդ պնդումները և սահմանափակվում է կարճ մեկնաբանությամբ։
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները», - հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից էլ փակագծերը չեն բացում
Թե մասնավորապես ի՞նչն է եղել Հայաստանի կառավարության որոշման պատճառը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից էլ փակագծերը չեն բացում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ից նաև չեն ցանկանում անդրադառնալ Մարիան Քլարկ-Հաթինգին լրտեսության մեջ մեղադրելու լուրերին։
«Այս պահին հիմնվում ենք ԱԳՆ-ի տարածած հայտարարության վրա, ինչ որ տիկին Նաղդալյանն է հայտնել, դրանից ավելին հիմա չենք կարող ավելացնել: Մենք իրեն միշտ ճանաչել ենք որպես բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետ, որը նվիրված է եղել իր գործին, և մինչև Հայաստան գալը նա աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար Մալայզիայում, Սոմալիում, Գանայում, Բենինում, Մադագասկարում, մի շարք այլ երկրներում», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:
Քլարկ-Հաթինգը չի լքել Հայաստանը
Երեխաների իրավունքների հարցերով զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակից միևնույն ժամանակ հերքում են, թե Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանն «Ազատությանը» հայտնեց, որ վերջինս Երևանում է և շարունակում է պաշտոնավարել, մինչ իրեն փոխարինեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն է ներկայացրել գրասենյակի նոր պաշտոնակատարին, սպասում են գերատեսչության հաստատմանը։
Հայաստանի գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ տվյալներ չունեն Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում են դրա մասին հրապարակումները:
«Պետականություն ունեցող արտաքին քաղաքականության քայլ»
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ձեռնպահ է մնում ենթադրություններ անելուց, թե ինչը կարող էր նման կտրուկ արձագանքի պատճառ լինել, միևնույն ժամանակ նշում է՝ եթե Մարիան Քլարկ-Հաթինգը որպես դիվանագետ հատեր դիվանագիտական կարմիր գծերը, ապա նա կհայտարարվեր ոչ ցանկալի անձ, ինչի մասին պաշտոնապես չի ասվել։
«Նման հարցերում կամ պարզ ասվում է, որ նա սա, սա, սա, եթե նա խախտել է դիվանագիտական աստիճան, եթե նա խախտել է, այսպես ասած, Վիեննայի 61 թվի կոնվենցիայով գրված օրենքները և անցել է այն կարմիր գիծը, որը չի թույլատրվում դիվանագետին անել, դրա համար նա այլևս համարվում է, այսպես կոչված, պերսոնա նոն գրատա, բայց նման արտահայտություն այնտեղ չի արվում, հասկանո՞ւմ եք: Այնպես որ, դժվար է շատ: Սա, ըստ երևույթին, կարող է իմանալ միայն նախարարը, թե պատճառն ինչ է», - նշեց նա:
Նավասարդյանի հիշելով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին նման դեպքն է. «Ես անկախ որևէ բանից սա ողջունում եմ որպես պետականություն ունեցող արտաքին քաղաքականության քայլ կամ դեմարշ, ինչպես կուզեք»:
Այս քայլը պատասխան` պատերազմի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ցուցաբերած անտարբերությանը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ այս քայլով պաշտոնական Երևանն արձագանքում է 44-օրյա պատերազմի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ցուցաբերած անտարբերությանը, երբ ռազմական գործողությունների հետևանքով տուժում էին խաղաղ բնակիչներ, որոնց թվում նաև երեխաներ, իսկ կազմակերպությունն անարձագանք էր թողնում դրանք. «Գրասենյակի պասիվությունը մեզ ևս անակնկալի է բերել, և եթե մենք զուգահեռներ անցկացնենք ադրբեջանական գրասենյակի և հայաստանյան գրասենյակի միջև, ապա մենք հստակորեն կտեսնենք այդ տարբերությունները, թե ինչպես ակտիվորեն այնտեղ նույնիսկ շատ ավելի ծավալով փոքր խախտումները թե գրանցվում էին, թե հանրային մեծ հնչեղություն էին ստանում, իսկ Հայաստանում, կարծես, լռության էին մատնվում այն բոլոր իրավախախտումներն ու բողոքի ձայները, որոնք նույնիսկ գրասենյակի առջև էին բարձրաձայնվում»:
Այնուհանդերձ, իրավապաշտպանը Երևանի արձագանքն ուշացած է համարում: Զարուհի Հովհաննիսյանն ասում է` պաշտոնական Երևանն ավելի վաղ պետք է նման որոշում կայացներ, և դա է, ըստ նրա, պատճառը, որ Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ մամուլում տարբեր դավադրապաշտական տեղեկություններ են տարածվում։ Բացի այդ, նման խոսակցությունների համար առիթ է նաև Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը, կարծում է Հովհաննիսյանը. «Այնպես է ձևակերպված, որ հնարավոր են տարատեսակ մեկնաբանություններ, այսինքն` եթե Հայաստանի կառավարությունն առարկություններ ունի տվյալ միջազգային կառույցի պաշտոնավարման հետ, ուրեմն կառույցը հստակորեն պետք է ձևակերպի, թե հատկապես ինչ գործառույթներում է թերացել և մանդատի շրջանակներում համագործակցայնության կամ աշխատելաոճի ինչ թերացումներ է դրսևորել»:
Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ղեկավարում է անցած տարվա հուլիսից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ նա Հայաստանում գործունեությունն ավարտելուց հետո մեկնելու է այլ երկիր՝ աշխատանքը շարունակելու համար։