Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն այսօր խստորեն քննադատել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ռուսական գաղտնի ծառայություններն ապատեղեկատվություն են տարածում ամերիկյան պատվաստանյութերի մասին:
Կոսաչևն այդ պնդումներն անվանել է «անամոթ և բացարձակ անարդար մրցակցության» վկայություն:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հրապարակել է հոդված, ըստ որի ռուսական հետախուզությունը համակարգում է ապատեղեկատվական արշավը, որի նպատակն է խարխլել հանրության վստահությունը կորոնավիրուսի դեմ Արևմուտքում արտադրված պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության նկատմամբ:
Ռուսական կողմը նշում է, որ մշտապես հերքել է նմանօրինակ մեղադրանքները և արևմտյան երկրներին բազմիցս առաջարկել է համագործակցել վակցինա ստեղծելու հարցում: