ԲԴԽ նախագահ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից էթիկայի կոպիտ խախտումները քննելու համար հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իր դիմումում նշել է, որ Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսևորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ:
Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, ԱԺ նիստի ժամանակ դիմելով ԲԴԽ նախագահին` ասել էր. «Եկել եք, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»: Ապա հավելել էր, թե Վարդազարյանը չգիտի, թե ինչ ղալաթ է բերել իր գլխին նոյեմբերի 15-ին արած հայտարարությամբ։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, հղում կատարելով վարչապետի հեղինակային արտահայտությանը, դիմել էր դատավորներին, որ եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։