Մատչելիության հղումներ

«Մենք չունենք մարդ, որը կարող է վերցնել իր վրա պատասխանատվություն պետության համար». Նարինե Աբգարյան


«Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ բոլորիս բացատրեց, որ մենք քաղաքական գործիչներ չունենք, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մենք չունենք մարդ, որը կարող է վերցնել իր վրա պատասխանատվություն պետության համար», - «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների մասին հարցին, ասաց ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյան:

«Խորը սրտի ցավով եմ նայում, որովհետև մեռանք իրար ուտելով, մեռանք իրար գզզելով։ Ես հասկանում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի երկիրը տանի կործանման: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր լուռ ու մունջ իրենց գործն անում են՝ աշխատում են, օգնում են։ Ինձ թվում է ուրիշ ելք մենք հիմա չունենք», - նշեց Աբգարյանը:

Ռուսաստանաբնակ գրողը նկատեց՝ դրսում մարդկանց թիվը մեծ չէ՝ ընդգծելով՝ ժողովուրդը մեծացել է, խելք է հավաքել և չի ուզում ուրիշի խաղի ինչ-որ մանր զինվորիկ լինել։

«Ես չեմ տեսնում մեծ քանակի մարդկանց դրսում, դա ինձ շատ ուրախացնում է, որովհետև ես հասկանում եմ, որ ժողովուրդը մեծացել է, ժողովուրդը խելք է հավաքել, ներողություն եմ խնդրում նման խոսքի համար, բոլորս խելք ենք հավաքել, ոչ մեկս չենք ուզում արդեն ուրիշի խաղի ինչ-որ մանր պեշկաներ լինենք՝ զինվորիկներ լինենք, և ես մեծ հույսով եմ նայում երիտասարդ սերնդին, որոնց մի մասը մենք կործանեցինք այս պատերազմով։ Մեծ սրտի ցավով եմ մտածում այն մայրերի, քույրերի և կանանց մասին, որոնք հիմա ողբում են իրենց զոհերը և մենք ողբում ենք իրենց հետ մեկտեղ», - ասաց Աբգարյանը՝ շարունակելով․ - «Ես «Եռաբլուր»-ում էի, շատ քամոտ օր էր, ամեն գերեզմանի վրա դրոշ կար ու էդ դրոշները նենց աղմկոտ էին, ոնց որ մի հսկայական վշտի ծով լիներ «Եռաբլուր»-ի վրա հավաքված կանգնած։ Դա ինձ համար շատ ծանր օր էր և ես ուժ չունեմ պատկերացնելու, թե այդ մայրերը և քույրերը ինչպես են այդ վիշտն իրենց մեջ տանում»։

Գրողը նաև ընդգծեց՝ մեծ հարգանքով է վերաբերվում ժողովրդին՝ «որովհետև այս պատերազմի ընթացքում մաքսիմալ իրենց դրսևորեցին և՛ սահմանի ժողովուրդը, և՛ զինվորները, և՛ արտերկրում ապրող հայերը. օգնությունը մեծ էր, և մենք զգում էինք, որ մենք մեր երկրի համար աշխատում ենք»:

Դիտարկմանը, որ ասել էր, թե պատրաստվում է վերադառնալ, ապրել Հայաստանում, սկսել փոքրիկ բիզնես Բերդում, Աբգարյանը պատասխանեց. - «Պլաններ ունեի Բերդում փոքրիկ հյուրատուն բացել, բայց պատերազմը որ եղավ, պլանները հետաձգվել են: Բայց ես հնարավորին չափ կօգնեմ իմ շրջանին, որովհետև ես պարբերաբար տուրիստական խմբեր եմ բերում Ռուսաստանից, մարդիկ հյուրատներ են բացում, որ բացեն, ես հետս տուրիստներ կբերեմ, որպեսզի մարդիկ գան Տավուշն էլ տեսնեն»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG