Մատչելիության հղումներ

«Րոպե շուտ ուզում ես գալ աշխատելու». տիկին Գայանեն արդեն 30 տարի կոշկակարությամբ է զբաղվում


Կոշիկի նորոգման կրպակում գեղեցիկ ժպիտը դեմքին, կոկիկ ու հարդարված տիկին Գայանեն է աշխատում։ Տոնական այս օրով, տոնական տրամադրությունը նաև հաճախորդներն են ապահովում։ Առավոտից նաև հեռախոսը չի լռում, սիրելի մայրիկին ու տատիկին երեխաներն ու թոռնիկներն են շնորհավորում։

Շնորհավորանքներից հետո մեզ էլ հերթ հասավ, տիկին Գայանեն սիրով պատմեց իր գործի մասին։ Դեռ 90-ականներին օգնում էր ամուսնուն, ով կոշիկի գործարաններից մեկի գլխավոր մոդելավորողն էր և գործարանի փակվելուց հետո կոշիկի նորոգումով սկսեց զբաղվել։

«Ամուսինս հիվանդացավ, այս հոտերն իրեն չէր կարելի, ստիված ես էլ իրեն օգնելու համար կողքը եղա, արդեն ավելի խորացած սովորեցի», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

Արդեն 30 տարի է բարձրակրունկները ոչ թե հագին, այլ ձեռքին, 60-ամյա տիկին Գայանեն մեկ մուրճն է ձեռքն առնում, մեկ հաստոցով տակացուները մշակում։ Բժիշկի մասնագիտության մասին երազող Գայանե Ղամբարյանի մտքով անգամ չէր անցնում, որ բժշկական գործիքները մի օր կոշկակարի գործիքներով է փոխարինելու։ Ամուսնու մահից հետո 3 երեխաներին մեծացնելու հոգսը ընտրության մեծ հնարավորություն չէր թողնում, աշխատանք գտնելն էլ դժվար էր։ Բայց հանկարծ տպավորություն չստեղծվի, որ տիկին Գայանեն տրտնջում է։ Գործը սիրով է անում ու այդպես էլ շարունակելու է։

«Ամեն անգամ այս երկաթները, որ բացում եմ, բարձրացնում, ասում եմ՝ հլը կարում եմ, եթե կարում եմ, ուրեմն կաշխատեմ: Ձգում է, չգիտեմ ինչը, էս տեղն է, թե գործն է, ոնց որ չես կարողանում տունը մնալ, րոպե շուտ ուզում ես գալ», - ասաց Զամբարյանը:

Տիկին Գայանեն աշխատում է կլոր տարին, ոչ շաբաթ-կիրակի ունի, ոչ էլ տոն օրեր։ Գործ միշտ կա, բայց հիմա ավելի քիչ, երևի համավարակի ու պատերազմի պատճառով, բայց ինքը միշտ ու պարտաճանաչ իր տեղում է։ Զարմանքը առաջին զգացողությունն է, որ պատում է տիկին Գայանեին չճանաչող հաճախորդներին՝ կրպակի դուռը բացելուց հետո։ Կոշկակարի աթոռին նստած կնոջ մասնագիտական որակներին թերահավատորեն վերաբերվողներ էլ կան։

Տիկին Գայանեն իր հաճախորդներն ունի, նրանց թիվը տարիների ընթացքում միայն մեծանում է։ Գոհ են մնում արած գործից, ասում է, բայց եթե այս տարիների ընթացքում աշխատանքի հանդեպ սերը չի պակասել, ապա նույնը ասել կարողությունների մասին չի կարող։ Հաճախորդներին երկար առանց կոշիկ չի թողնում, բայց բարդ գործեր էլ չի կարողանում անել. «Դժվարություն կա, որ ասենք ուժի գործով պետք է այդ սուպինատորը փոխվի, մի քիչ ձգելու, քանդելու, տենց բաներ կա, հիմա դրանք չեմ անում, էլ ի վիճակի չեմ»:

Տիկին Գայանեն ընդամենը 2-3 քառակուսի մետրանոց երկաթե կրպակի պատերը թոռնիկի նկարներով էր զարդարել։ 7-րդ թոռնիկը շուտով կծնվի։ Հարցին՝ թե թոռնիկները իր գործի հանդեպ հետաքրքրություն դրսևորու՞մ են, թե՞ ոչ, պատասխանեց, որ շուտով նկարների հեղինակ թոռնիկն է գալու, երբեմն գալիս է, օգնում իրեն, բայց նրանց համար ինքը այլ մասնագիտություն է նախընտրում։ Վարպետ ամուսնու գործը ինքը շարունակեց, ինքն էլ կավարտի։ Ասում է՝ մի ցանկություն ուներ միայն՝ երկաթե տնակը քարե կրպակով փոխարինել, բայց առայժմ թույլտվություն չի ստանում։

Ժամանակին ամբողջ շենքով մեկ տիկին Գայանեի խմորեղենների բույրն էր տարածվում, հիմա խմորեղենի բույրին ավելի հաճախ սոսնձի հոտն է փոխարինում, բայց խոհանոցի համար էլ ժամանակ անպայման գտնում է։ Այսօր էլ տուն է շտապելու նապոլեոն պատրաստելու՝ սիրեի թոռնիկներն են գալու տատիկին շնորհավորելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG