Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումները կարող են հակառակ հետևանքներն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում։
«Երբ մյուս կողմը մեզ է ներկայանում առավելապաշտական դիրքորոշմամբ և առաջ է քաշում պահանջներ՝ «կա՛մ կլինի մեր ձևով, կա՛մ ոչ մի ձև» ոգով , ապա այդպիսի մոտեցումը մեզ մղում է դեպի տարբեր ուղղություններ», - թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ամերիկյան գործակալությունը։
Ռուսական արտադրության S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով անցած դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ թիրախավորելով այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությանը։
Պաշտոնական Անկարան դատապարտել է դաշնակցի կողմից պատժամիջոցների ընդունման որոշումը և խոստացել պատասխան քայլեր։