Մատչելիության հղումներ

Մեդեա Աբրահամյանի հիշատակին նվիրված միջոցառում Արամ Խաչատրյան համերգասրահում


Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահից մեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին: Նա իր մահկանացուն կնքեց և հավերժի ճամփան բռնեց 89 տարեկան հասակում:

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մեր ժամանակների լավագույն երիտասարդ թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգը նվիրվում է Մեդեա Աբրահամյանի հիշատակին:

Մեդեա Աբրահամյանը այն եզակի երաժիշտ կատարողներից մեկն էր, որը դեռ խորհրդային տարիներին իր կատարումներով հիացնում էր արտասահմանյան ունկնդրին՝ բազմաթիվ համերգներով և մենահամերգներով հանդես գալով արտասահմանյան լավագույն բեմերում: Ավելին՝ նա առաջին հայ թավջութակահարն է եղել, ով հանդես է եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Իր կատարումներով նա ներշնչանքի աղբյուր է եղել հատկապես ժամանակի լավագույն կոմպոզիտորների համար: Նրա ստեղծագործական նվագացանկում ընդգրկված ավելի քան 300 ստեղծագործություններից 120-ը գրվել է հատուկ Մեդեա Աբրահամյանի կատարման համար:

Ի հիշատակ Մեդեա Աբրահամյանի՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը շեշտում է, որ նրա անունն այլևս իր կենդանության օրոք էր առասպելային. «Մեդեա Աբրահամյանը մեզ համար լեգենդ է և իր հետ կարծես մի հավերժության մեջ է գնում մի ամբողջ էպոխա, մի դարաշրջան: Երջանիկ եմ, որ առիթներ եմ ունեցել իր հետ շփվելու, թեև ափսոս երբեք գերծ չենք արել, ժամանակն այդպես ստացվեց: Նա միշտ կմնա հիշողության մեջ: Իր նման մարդիկ ոգևորում են, որպեսզի մարդ շարունակի ապրել, արարել»:

Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի համոզմամբ էլ՝ հենց Մեդեա Աբրահամյանի նման երաժիշտներն են, որ իրենց դրոշմն են թողնում ոչ միայն կատարողական արվեստի, այլ նաև ժամանակի կոմպոզիտորական դպրոցի վրա. «Մեր երաժշտական մշակույթը շատ մեծ կորուստ ունեցավ ի դեմս Մեդեա Աբրահամյանի, որը մեծագույն երաժիշտ էր, մեծագույն թավջութակահար: Իր շնորհիվ հայ երաժշտության մեջ ծնվեցին մի շարք ստեղծագործություններ գրված թավջութակի համար: Ինքը իր կատարումով լիցքավորում էր հեղինակներին գրել ու գրել նոր գործեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG