Մատչելիության հղումներ

Ըստ ՔԿ-ի, պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների ինքնությունը. մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի


Քննչական կոմիտեն հայտնում է, որ շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020-ի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4 հազար 964 գրամ «Ափիոն», 4 հազար 982 գրամ «Հերոին», 3 հազար 965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել էր իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել էր Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել էր, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Իսկ նշված քրեական գործից անջատված մասով իրականացված միջոցառումների արդյունքում, ինչպես կոմիտեն է նշում, բացահայտվել են այլ հանցադրվագներ ևս, պարզվել հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից ևս 5-ի ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման, իրացման մեխանիզմը, թաքստոցները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի՝ հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ Կոտայքի մարզի՝ 1987թ. ծնված բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վերջինս Հայաստանի տարածքով պետք է տեղափոխեր թմրամիջոց: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ 2 հազար 878 գրամ «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին», 751,27 գրամ քաշով «Հերոին» և 2 հազար 888 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ:

Քննչական կոմիտեն նշում է, որ բացի այդ, տվյալներ են ստացվել նաև Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 112,5 գրամ «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում, ըստ հաղորդագրության, տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստան: Իրականացված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է «Հերոին»-ի նմանվող զանգված՝ մոտ 4 հազար 290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2 հազար100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG