Մատչելիության հղումներ

Մատենադարանում բացվել է «Արցախյան ձեռագրեր» ցուցադրությունը


Դեռ տարիներ առաջ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ Գանձասարում բացված Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի ձեռագրերը դեռ պատերազմի օրերին անվտանգության նկատառումներով տեղափոխվել են Երևան՝ Մատենադարան, որտեղ էլ ահա դրանք ներկայացվեցին առանձին ցուցադրությամբ:

Մաշտոցի անվան հին ձեռագրատան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մարդակերտի շրջանը, Գանձասարը մի քիչ ավելի ապահով է, բայց իրականում ապահով տեղ չկա Արցախում՝ առնվազն ռմբակոծության տեսակետից: Դրա համար մտածում էինք ամեն դեպքում ցուցանմուշները տարհանելու մասին։ Ի վերջո դա ստացվեց։ Տեղում մասնաճյուղի աշխատողները իհարկե աջակցեցին այդ գործին, գտնվեցին նաև կամավորներ»։

Իսկ ինչ վերաբերում է Մատենադարան–Գանձասար գիտամշակութային կենտրոնի հետագա գործունեությանը, ապա Տեր-Ղևոնդյանն ասաց․ - «Հսկվում է, այնպես չէ, որ անտեր թողնված է։ Ի վերջո մենք պաշտոնապես չենք էլ փակել, պարզապես ցուցադրություն չկա։ Տեղում աշխատողների մեծամասնությունը հարևան Վանք գյուղից են, իրենք այնտեղ հետևում են պահպանությանը և մաքրությանը և այլն՝ անհամբեր սպասելով, որ ցուցանմուշները ի վերջո կվերադառնան։ Հարյուրից ավելի ցուցանմուշ էնտեղ մենք ունեինք, բոլորը տեղափոխել ենք։ Էստեղ մոտ ութսունն ենք ցուցադրում, մնացածը պահոցում են, բնականաբար։ Որովհետև տարածքը նույն տարածքը չէ, ինչ որ էնտեղ է․ մենք մի դահլիճ ու մի փոքր կիսադահլիճ ենք հատկացրել, իսկ Գանձասարում մեր տարածքը շատ ավելի մեծ է։ Բացի դրանից, մենք էնտեղ, բացի Արցախում ստեղծված ձեռագրերից, որոշ մասը Վասպուրական, Կիլիկիա, նաև այլ ձեռագրչության կենտրոնների ձեռագրեր էին։ Էստեղ, քանի որ անվանումը դրել ենք «Արցախի ձեռագրեր», այլ բաներ ցուցադրելու իմաստ չկար»։

Նա բոլորին հրավիրեց այցելել այդ ցուցադրությունը․ - «Նույնիսկ էս վիճակով Երևան գալիս են և՛ պաշտոնական պատվիրակություններ, և՛ արտասահմանյան լրագրողներ, ի վերջո մեր ժողովուրդը։ Վերջին երեք ամիսներին, իհարկե, քիչ են այցելուները, բայց մի 90 տոկոսը աշակերտությունն է, դպրոցականներն են։ Թող գան, այցելեն, ի վերջո սա մեր մշակույթն է, մեր պատմությունն է, մեր կենսագրությունն է»։

«Արցախյան ձեռագրեր» ցուցադրությանը երեք շաբաթ հետո կհաջորդի ևս մեկ նոր ցուցադրություն, որտեղ արդեն ներկայացված են լինելու Մատենադարանում պահվող օտարալեզու ձեռագրերը:

«Եղել են, իհարկե, տարբեր էդ բնույթի ցուցադրություններ, բայց չի եղել, որ մի ցուցադրության մեջ հավաքված լինեն բոլոր տարբեր լեզուներով մեր ունեցած ձեռագրերը։ Քսանից ավելի լեզուներով մենք ունենք այստեղ ձեռագրեր, որոնք փոքր խմբերով՝ երկու-երեք ձեռագիր, կներկայացվեն։ Բոլոր լեզուները, իրենց ամբողջ բազմազանությամբ՝ արևելյան լեզուներ, արևմտյան լեզուներ։ Կներկայացվեն նաև հայատառ, բայց այլ լեզուներով ձեռագրեր, ասենք պարսկերեն, քրդերեն, թուրքերեն և այլն։ Ընդհանրապես արաբերեն, պարսկերեն, ասորերեն, եթովպերեն, վրացերեն, հունարեն, լատիներեն, հին սլավոներեն․․․ մեր ամբողջ էդ հավաքածուն կցուցադրվի։ Դա, կարծում եմ, ևս հետաքրքիր կլինի։ Նախատեսում ենք բացմանը հրավիրել նաև Երևանում հավատարմագրված դեսպաններին, տարբեր համայնքների ներկայացուցիչներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG