«Առջևում կանանց միամսյակն է, սպասվում է տոնական եռուզեռ, հարկավոր է շատ արագ անցնել դիմակների կրման պարտադիր պահանջին», - կառավարության այսօրվա նիստում ահազանգեց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա օրվա թվերը ներկայացրեց՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելացել են 491-ով, 6 մարդ մահացել է, 179 -ն առողջացել։ Կատարված 2000-ից ավելի թեստերի 16 տոկոսը դրական է եղել։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ նոր հայտնաբերվող դեպքերի թիվը մոտ երեք անգամ պակաս էր։
«Եթե փետրվար ամսի սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա ինչպես տեսնում ենք, մենք արդեն մինչև 16 և հաջորդ շաբաթ մեր կանխատեսումներով այս թիվը կավելանա: Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը», - ասաց Ավանեսյանը:
Նոր՝ ավելի խիստ, սահմանափակումներից խուսափելու համար դիմակ դնելը պարտադիր է, ընդգծեց նախարարը։ Առողջապահության ոլորտի ղեկավարը հայտարարեց՝ քովիդով հիվանդների բուժման համար առանձնացված 865 մահճակալից 808-ն արդեն զբաղված է, որպեսզի իրավիճակը հնարավորինս կառավարելի պահվի, այսօրվանից ևս երկու հիվանդանոց կսկսի բացառապես կորոնավիրուսով հիվանդների ընդունել։ Վարակվածների շուրջ 20 տոկոսի մոտ, ըստ նախարարի, հիվանդությունը ծանր ընթացք է ունենում, 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ պատվաստանյութերի հետ կապված ի՞նչ նորություն կա, նախարարը պատասխանեց՝ ընդհանուր առմամբ գործընթացը դանդաղում է, բայց հույս կա, որ արդեն այս ամսվա ընթացքում արդեն առաջին խմբաքանակը կլինի Հայաստանում։ Սկզբնական շրջանում կպատվաստվեն ռիսկային խմբի քաղաքացիները, մյուսները կարող են վճարովի տարբերակից օգտվել։ Խոսքը ռուսական Sputnik V պատվաստանյութի մասին է, Հայաստանը ձեռք է բերելու մոտ 15 հազար դեղաչափ՝ նախատեսված 7500 հոգու համար:
«Ռուսական կողմի հետ էլ բանակցությունները ավարտված են, առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
Մինչ նախարարը զգուշացնում է, որ մյուս շաբաթ կորոնավիրուսով վարակվածության թվերն աճելու միտում ունեն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կոնկրետ թիվ է նշում՝ առաջիկա 7 օրերին կգրանցվի կորոնավիրուսով վարակվածության 2140 դեպք։
Մասնագետները սա կապում են հակահամաճարակային կանոններն անտեսելու ու նաև հանրահավաքների կազմակերպման հետ։ Կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ձեր կոչին չեն հետևում իշխող ուժի ներկայացուցիչները, որոնք վարչապետի հրավիրած երկու հանրահավաքներին հիմնականում առանց դիմակների էին։ Հանրահավաքներին դիմակ չէին կրում նույնիսկ վարչապետն ու առողջապահության նախկին նախարարը, որն այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, բայց նրանք երկուսն էլ այսօրվա նիստում դիմակ կրելու կարևորությունից էին խոսում: «Խնդրեմ իրենց էլ ուղղեք այդ նույն հարցը, թե ինչո՞ւ չեն կրում: Դա իմ հորդորը չէ, դա օրենքի պահանջն է: Այն անձինք, ովքեր չեն կիրառի այդ պահանջը պետք է տուգանքների ենթարկվեն», - պատասխանեց նախարարը:
Հայաստանը կրկին հայտնվել է վտանգավոր կարմիր գոտում։ Նաև հանրահավաքների միջոցով կորոնավիրուսի տարածման վտանգը, իշխանությունից բացի, ընդդիմությունն էլ է անտեսում, նրանք շարունակում են ամիսներ առաջ սկսած իրենց ցույցերը։ Ու չնայած մեկ տարվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3208 մարդ, այդուհանդերձ, վիրուսին շատերն են մատների արանքով նայում։
Երևանի ամենամարդաշատ փողոցներից մեկում շուրջ 1 ժամ հարցում իրականացնելու ընթացքում արձանագրեցինք, որ անցորդներից քչերն են դիմակ կրում։ Իսկ ահա խանութ-սրահների ապակիներից հիմնականում հանվել էին՝ «մուտքը միայն դիմակով» գրությունները, բայց անգամ, եթե դրանք կային՝ միևնույն է ներս ու դուրս անողներն ու անգամ վաճառողներն առանց դիմակի էին։ Մեր հարցումների ընթացքում չհանդիպեցինք նաև ոստիկանների, որոնք նախկինում գրեթե ամենուր էին և ակտիվ տուգանում էին դիմակ չդնողներին։
Առողջապահության նախարարն, ի դեպ, զգուշացնում է, որ դիմակ կրելը պարտադիր է անգամ արդեն վարակված ու առողջացածների համար, որովհետև գիտական ապացույց դեռ չկա, որ կրկնավարակը հնարավոր չէ։