Մատչելիության հղումներ

81-ամյա տավուշցին պատմում է՝ ինչպես են ժամանակին հայերի ու ադրբեջանցիների հարսանիքներին կլարնետ նվագել


81-ամյա Սերգեյ Հարությունյանն ավելի քան կես դար հայերի ու ադրբեջանցիների հարսանիքներում կլարնետ է նվագել։ Տավուշի մարզի Կողբ գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղերում բոլորը գիտեին նրան։ Պատմում է, որ իր երեք հոգուց կազմված խմբով քեֆից քեֆ էին գնում, ուրախացնում, գումար աշխատում՝ առանց պատկերացնելու, որ մի օր հարևաններն իրար ծուռ աչքով են նայելու։

«Ղազախ ենք գնացել, Ադրբեջանում էլ ենք գնացել, նվագել, արարողություններին գնացել եմ, մասնակցել ենք, նվագել ենք: Էնտեղ ես հիշում եմ` տանում էին մեզ, մի անկյունում նստում էինք, նրանց ղեկավարը գալիս էր, ասում` ուստա չալ, նվագի մարդիկ են գալիս, էտպես մարդիկ մեկ-մեկ, երեք-երեք, հինգ-հինգ գալիս էին, իրենց հարցը տալիս էին տանտիրոջը, ինչ-որ տալիս էին, նստում էին, մեկ-մեկ բաժամ բան խմում, գնում: Տենց համարյա երկու-երեք սուտկա: Նվագող ենք եղել, ամեն ինչ էլ գիտեցել եմ, նվագել եմ, մարդկերանցը ուրախացրել եմ, բարեկամ են եղել, մոտիկ ենք եղել, բայց թշնամացրին անտեղի», - պատմում է նա:

Հիմա էլ առաջվանը չէ։ Մատները նախկինի նման ճկուն չեն։ Կլարնետի ու դաշնամուրի ստեղների վրա սահեցնել չի կարողանում։ Նոյեմբերյանում և Կողբում երաժշտական դպրոցներ հիմնադրած ու տասնամյակներ շարունակ հարյուրավոր աշակերտներ տված երաժիշտն ասում է՝ իմացածն ու երաժշտական գործիքները որդիներին ու թոռներին է փոխանցել. նրանք են նվագում։

Բայց Հայաստանին պատուհասած վերջին ողբերգությունից հետո երաժիշտների ընտանիքում երգացանկը փոխվել է։

Հակառակորդ դարձած հարևաների հետ համատեղ տոնախմբություններից հիմա միայն հիշողություններն են մնացել։ Ընտանեկան ալբոմներում ադրբեջանցիներից լուսանկարներ չի գտնում:

Ասում է՝ նախկին բարեկամների նկատմամբ, հատկապես վերջին պատերազմից հետո առաջացած թշնամանքը չի կարողանում հաղթահարել։ Բայց մանկավարժ կնոջ՝ Նելլի Մամյանի հետ խոսքուզրույցի ժամանակ հաճախ եզրահանգում են, թե հայերը ներողամիտ են. մի օր գուցե ամեն ինչ հարթվի. «Նրանց մոտ չի հարթվի, էլի հայերի մոտ կստացվի, նրանց մոտ չի ստացվի», - ասում է կինը` շարունակելով. «Օրինակ` ես շատ թշնամաբար եմ տրամադրված, շատ, որ էտքան զոհ տվեցինք, ինչի՞ համար տվեցինք, 5000 երիտասարդ 18 տարեկան, պատկերացնում եք, այդքան ընտանիք էինք ունենալու Հայաստան, ո՞ւր գնացին, էլ չեմ ասում, թե ինչքան վիրավորներ: Էլ չի լինի, երբեք չի լինի, որ գնում են, էնտեղ խոստանում են, ասում են, թե լավ հարաբերության մեջ կլինենք, կլինի՞ իրենց մոտ, եթե երիատասարդի գլուխը կտրեն, ցից հանեն, նրանց մոտ էլ որևէ բան կլինի՞, չի լինի: Էլի հայերի մոտ կլինի ներողամտություն, էլի կասեն` հա, հաշտվենք, ապրենք, որովհետև ճիշտն ասած` մեր տեղն էլ շատ նեղ ա, շրջապատված ենք թշնամիներով, կարող ա լռենք»:

Քաղաքականությունից էլ արդեն գլուխ չեն հանում։ Երկու տարի առաջ լավ հույսերով են ձայն տվել այսօրվա իշխանությանը։ հիմա բոլոր հույսերը մարել են, ասում են։ Համոզված են՝ իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են. «Չգիտեմ, հարմար մարդ… չեմ ասում, թե հիմա էս պայքարողները կարող են հրաշքներ գործել, բայց համենայն դեպս ինչ-որ նորություն կլինի, երկրի համար, Հայաստանի համար ինչ-որ մի լավ բան կլինի»:

Իր աճեցրած խաղողը գինի էր դարձրել միայն ուրախ սեղանների շուրջ կենացներ խմելու համար։ Բայց ամեն առավոտ նկուղ է մտնում, կնոջ աչքից հեռու մի բաժակ խմելիս հազարավոր զոհված տղերքին հիշում ու խաղաղություն աղերսում. «Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում ամենակարևորը, ինչ որ կա, նրանով յոլա կերթանք, այնպես որ, ողջ լինեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG