Մատչելիության հղումներ

«Թաքուն զինվորներին լցրել են մեքենան, դեմը փակել ենք». ծնողներն ուզում են` իրենց երեխաները ՀՀ-ում ծառայեն


Տեսանյութը, որտեղ զինծառայողները աղմուկով դուրս են գալիս մեքենաներից, երեկ տարածվեց։ Տեսանյութում ժամկետային զինծառայողներն են, որոնք Պաշտպանության նախարարության զորամասերից մեկից ավտոբուսներով տեղափոխվում էին մշտական տեղակայման վայր։

Նույն զորամասի դիմաց արդեն վաղ առավոտից այս տեսարանն է. զինծառայողները զորամասի դարպասներից դուրս հարազատների հետ սպասում են հստակ պատասխանի։

Մի քանի տասնյակի հասնող այս զինվորները տվյալ զորամասում գրանցված չեն, Հայաստան են բերվել Արցախից։ Նրանց մի մասը ծառայում էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած զորամասերում, մյուսները Արցախի այլ զորամասերի ծառայողներ են, ովքեր, ըստ Պաշտպանության նախարարության տարածած պարզաբանման, արձակուրդի նպատակով տուն արձակված ժամկետայիններ են և երեկ վերադարձվում էին իրենց զորամասեր։ Զինծառայողների հարազատները այլ մեկնաբանություն են տալիս՝ ներկայացնելով գիշերը տեղի ունեցած միջադեպի պատմությունը. «Գիշերով` ժամը 3-ին արդեն լցնում են ավտոբուսը, մի ավտոբուս գնաց, Եղեգնաձորում ջարդել են ավտոբուսը, փախել են, ու մնացածն էլ այստեղ են կռիվ-դավի արել, փախել են»:

«Ասել են` տանում են Գորիս, բայց տանում էին Ղարաբաղ», - պատմում են հարազատները` շարունակելով. «Թաքուն զինվորներին լցրել են մեջը, ծնողներով 3 ավտոյի դեմը փակել ենք, էն մեկը փախել ա, քշել ա, կես ժամվա մեջ հասել ա արդեն Վայք, բռնել ենք ու հետ ենք բերել: 4 մեքենա է եղել, կուզովի վրա գրված սննդամթերք, դեմի նստած աֆիցեռը գրաժդանսկի հագած, ու բացատրում են վերոհիշյալ աֆիցեռները, որ ռուսի հետ պայմանավորվածություն կա, որ էս քանի օրը կարող ենք ֆորմով ազատ զորք տանենք»։

«Ինչի՞ եք գրաժդանսկի ավտոյով տանում, վայեննի ավտոյով տարեք», - հարցնում է ծնողներից մեկը։

Ծնողների պնդմամբ՝ օրեր առաջ իրենց հետ քննարկվել է զինծառայողներին Արցախ տեղափոխելու հարցը, և ստանալով իրենց կտրուկ մերժումը` որոշել են գիշերով տեղափոխել զինվորներին։ Հիմա ծնողները ուզում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի Հանրապետությունում. «2 ամիս ա` երեխեքը ստեղ են, ոչ մի ձևով չեն կարում էդ զորքի պակասը լրացնեն, հասկանում ենք, որ պետք ա էդ սահմանը պահեն, բայց ուզում են տանել 50-50, կանցնեն, կանցնեն, չէ, կասեն` կներեք` դե սենց ստացվեց, կաշխատենք հետ բերել գերիներին»:

Ծնողների շարքերում նաև կային մարդիկ, ում երեխաները այս պահին Արցախում են, նրանք էլ դժգոհում էին, որ իրենց երեխաները հասանելիք արձակուրդը չեն ստացել։ Իրենց ասել են, որ քանի դեռ զինվորների այս խումբը չի վերադարձել, նրանք չեն կարող արձակուրդ գալ։ Մինչ ծնողները իրենց դժգոհություններն էին ներկայացնում, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ դրսում հավաքված զինծառայողներին՝ հորդորելով ներս գնալ. «Հավատացեք, որ այստեղ կանգնելով` վնասում եք իրենց, մարդիկ կան, որ գտնվում են ինքնակամ զորամասը լքածների ցուցակում ու քանի դեռ ներս չեն անցել, շարունակվում ա, իսկ դա բերում ա քրեաիրավական պատասխանատվության: Դիմեք ձեր զինվորներին, ձեր զինվորի գլխից մազ չի պակասի, ես ձեզ խոստանում եմ, ոչ մեկը չի տանում ոչ մի տեղ»:

Քիչ հետո ծնողներին ներս հրավիրեցին՝ զորամասի հրամանատարի հետ հանդիպման։ Մի մասը ներս գնաց հարցը քննարկելու, սակայն գոհացնող պատասխան չստացան։ Ծնողները իրենց երեխաներին տուն տարան, ասացին` վաղն առավոտյան Պաշտպանության նախարարության դիմաց կլինեն՝ նախարարությունից պատասխան ու անվտանգության երաշխիքներ ստանալու ակնկալիքով։

Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ստանալ բարձրացված հարցերի պատասխանները, բայց հորդորեցին բավարարվել տարածված պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասված է, որ զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ դրսում հավաքված ծնողների դրդմամբ հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար։ Նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նման գործողություններ հրահրելուց, առավել ևս ռազմական դրության պայմաններում։

XS
SM
MD
LG