Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին


Փետրվարի 24-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները: Նա կարևորել է փետրվարի 4-ին կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որը խնդիր ունի վերականգնել ու կայուն զարգացման վրա դնել երկրի տնտեսությունը: Այդ ծրագրի բաղադրիչների շարքում Տիգրան Ավինյանն առանձնացրել է ինչպես նոր ոլորտները, օրինակ՝ Հայաստանում տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի մշակման հեռանկարները, այնպես էլ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, սակայն «Տնտեսական արձագանքման ծրագրով» ակտիվ փուլ մտած քաղաքաշինական նախագծերը:

Քննարկվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաքին»՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակի, որն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներում հայտարարվելու է շինարարության մրցույթը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Նորագյուղ» թաղամասի զարգացան, Հայաստանում ակադեմիական ու նորարարական թաղամասերի ստեղծման հարցերի շուրջ:

Դիմիտրի Գվինդաձեն ներկայացրել է 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները՝ նշելով, որ դրանց ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG