Մատչելիության հղումներ

«Յոթ տարի Գորիսում ստուգվել եմ ու այս գոյացության մասին՝ ոչ մի բան», սոցփաթեթի շահառուն տարակուսած է


65-ամյա Գյուլնարա Սրապյանը տարակուսած է՝ 7 տարի շարունակ սոցփաթեթի շրջանակներում պարտադիր բուժզննում է անցել Գորիսի պոլիկլինիկայում, բայց արդեն վերջին փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել են միայն երևանյան կլինիկաներից մեկում։

44 տարվա մանկավարժ տիկին Գյուլնարան ասում է՝ վերջին անգամ գանգատվել է մեջքի ցավից, «Գորիսի ԲԿ»-ի պոլիկլինիկայում օստիոխոնդրոզ են ախտորոշել, նաև խորհուրդ տալով Երևանում ստուգվել։ Մայրաքաղաքի հիվանդնոցներից մեկում ախտորոշել են՝ քաղցկեղը ճյուղավորվել է, մեջքի ցավերն էլ դրա հետևանք են։

«Յոթ տարի Գորիսում ստուգվել եմ ու այս գոյացության մասին՝ ոչ մի բան: Դեռ ավելացնեմ նաև այն, որ երբ եկանք արդեն Քանաքեռի հիվանդանոց, այնտեղ հանդիպեցինք մի լավ բժիշկի, ինքը նայեց իմ ստուգումների պատասխանները, ասաց՝ Գյուլնարա ջան, սա ոչ թե մեկ ամսվա, մեկ տարվա, երկու տարվա, առնվազն ես կասեի 5 տարվա արդյունք է: Այդ 5 տարվա մեջ գոնե անցած, նախանցած տարիներին, եթե փոքր է եղել, չեն ասել, գոնե այս տարի, որ մեծ գոյացություն է, այս տարի ասեին», - ասաց Սրապյանը:

«Գորիսի» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանն «Ազատությանն» ասաց, որ ինքն արդեն 2 տարի է ինչ ղեկավարում է բուհաստատությունը և շատ խիստ հետևում է, որ սոցփաթեթի շահառուները պատշաճ ստուգում անցնեն։ Մաշուրյանը սակայն ասաց՝ չի կարող հաստատել, կամ հերքել, որ գուցե իրենց բժիշկներն են թերացել։ Ասաց՝ ժամանակ է պետք, որ խնդիրն ուսումնասիրեն, բայց նաև ընդգծեց՝ գուցե ուղղակի քաղցկեղն է կայծակնային արագությամբ զարգացել։

«Պետք է քննարկենք բժիշկների հետ, արդյոք անպայման պետք է եղած լինի քաղցկեղ այս արանքում, հետո մետաստազ տված լինի, չի լինո՞ւմ, որ սրընթաց, կարող է այդ պահին չլինի, բայց մեկ ամիս հետո քաղցկեղն աճի, սրընթաց զարգանա, երկու-երեք ամիս հետո է մետաստազներ տա: Այսինքն՝ այնպես չէ, որ ես ասում եմ՝ դա թերացում է կամ բժիշկի բացթողում, սա մասնագիտական լուրջ քննարկման հարց է, ո՛չ ես, ո՛չ դուք չենք կարող ասել, որ եղել է բացթողում կամ չի եղել», - ասաց Մաշուրյանը:

Տիկին Գյուլնարան տեղափոխվել է Երևան՝ բարեկամի տուն, ասաց, որ սաստիկ ցավեր ունի, քայլել ու անգամ նստել չի կարողանում։ Հարցազրույցը նկարահանել ենք ընդմիջումներով։ Պատմեց՝ Գորիսի հիվանդանոցի լավագույն բժիշկների մոտ է ստուգվել, սոնոգրաֆիա են արել, բայց չեն նկատել քաղցկեղը։ 65-ամյա կնոջ խոսքով՝ կամ բժիշկներն են թերացել, կամ սոցփաթեթի շահառուի նկատմամբ ուղղակի անտարբերություն են ցուցաբերել, կամ էլ գերժամանակակից տեխնիկա չեն ունեցել։ Ինքն ամեն տարի, պարտաճանաչ գնացել է ստուգման, բայց թե ինչո՞ւ այս վիճակում հայտնվեց, չգիտի կոնկրետ ում մեղադրի։

Երևանյան բժիշկները նրան վիրահատություն չեն ցուցել, առայժմ՝ մեկ տարուց ավելի դեղորայքային ու վիտամինային բուժում։

«Եթե իմ առողջությունը ապահովագրած է, ինձնից գումար են պահում ամսական ահագին շատ, երևի 15-16 հազար, այդ գումարը ես այսօր այս վիճակի մեջ, չի ներդրվելու իմ առողջության համար, ինչի՞ համար են պահում: Էդ գումարը թող չպահեն, ես տանը կկուտակեի, էսօր էլ կվերցնեի, կգայի բուժման: Հիմա հիվանդ ես, պիտի մեռնես, իսկ եթե ես ապահովագրված եմ, ունեմ սոցփաթեթ, ինչի չի օգտագործվում դա», - ընդգծում է Գյուլնարա Սրապյանը:

«Ազատության» տաղավարում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ ասաց, որ անվճար է միայն քաղցկեղի վիրահատությունն ու դրան նախորդող որոշ հետազոտություններ. «Վիրահատական միջոցառման հետ կապված հետազոտությունները անվճար են, բայց կան հետազոտություններ, որոնք մինչև վիրահատությունը անձը իրականացնում է, դրանք փաթեթի մեջ չեն մտնում»:

Առողջապահության նախարարությունից նաև տեղեկացրին, որ սոցփաթեթի շահառուն կարող է կրծքի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն անցնել, բայց դրա համար պոլիկլինիկան նրան պետք է ուղեգրի իրենց տարածաշրջանի այն բուժհաստատություն, որտեղ մամոգրաֆիայի հետազոտության համար պետպատվեր է գործում։ Տիկին Գյուլնարայի խոսքով՝ իրեն միայն մեկ անգամ սոնոգրաֆիկ հետազոտություն են արել։

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, որն այս ոլորտում երկար տարիների փորձ ունի, ասաց՝ միայն սոնոգրաֆիկ հետազոտությունը բավարար չէ քաղցկեղը նկատելու համար. «Ի սկզբանե եկեք հասկանանք, իսկ մեթոդաբանությունը բավարա՞ր էր, այսինքն արժեր միայն սոնոգրաֆիկ հետազոտություններով ամեն տարի, կնոջը վեց տարի առանց մամոգրաֆիայի, ես կարող եմ ասել, որ, ոչ, բավարար չէր»:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանին օրերս այցելած հիվանդներից մեկի մոտ արդեն վերջին փուլում գտնվող քաղցկեղ է հայտնաբերվել, թեև կինը ծննդաբերել էր 6 ամիս առաջ։ Այս դեպքն, ըստ նրա, բժշկի թերացման հետևանք է։ Բայց Տեր-Մինասյանն էլ իր գործընկերներից է հաճախ դժգոհություններ լսում, թե սոցշահառուները երբեմն բժշկին խնդրում են ուղղակի գրել, որ առողջ են ու չստուգել։ «Ազատության» զրուցակիցը նշեց, որ խնդիր է նաև հիվանդանոցներում բժշկական ապարատների պիտանելիության հարցը։ Այդ թեման վերջերս քննարկել են առողջապահական տեսչական մարմնին կից հասարակական խորհրդի անդամներով:

«Երբ որ ինչ-որ կենտրոնի լիցենզիա ես տալիս, օրինակի համար՝ ինքը պետք է ունենա ուլտրաձայնային հետազոտության սարք, այսօր չկա կարծես թե, թե այդ ուլտրաձայնային հետազոտության սարքն ինչ հնարավորություններ պետք է ունենա, որովհետև ես կարող եմ հիմա գնալ ասենք թե 80-ական թվականներին արտադրված մի հատ 40 տարի օգտագործած ուլտրաձայնային սարք բերեմ, ասեմ՝ ունեմ, որը չգիտեմ կարող է List.am-ում արժենալ 100 դոլար և կարող եմ գնել մոտավորապես 80 հազար դոլարանոց գերժամանակակից սարք: Իսկ եթե ձեր ասած բժիշկը աշխատում է այդ խեղճ ու կրակ սարքով, ի՞նչ անի այդ մարդը: Ես դեմ չեմ, եթե հնարավորություններ չկան, ուրեմն ավելի լավ է չանենք», - նշեց բժիշկը:

Թե պետպատվերի շրջանակներում Հայաստանում քանի՞ կին է տարեկան պարտադիր ստուգում անցնում՝ Առողջապահության նախարարությունից ասացին, որ տվյալները հաշվում են, առաջիկայում կտրամադրեն։

Գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինայսանն էլ ընդգծում է՝ թեև վերջին տարիներին պարտադիր սկրինինգ անցնող կանանց թիվն ավելանում է, այդուհանդերձ քիչ չեն դեպքերը, երբ բժշկի դիմած կանանց մոտ արդեն նախավերջին, կամ վերջին փուլում գտնվող քաղցկեղ է հայտնաբերվում։ Բժիշկը հիշեցնում է՝ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղն ամբողջությամբ բուժելու հավանականությունը 90 տոկոս է, վերջին՝ 4-րդ փուլի դեպքում դա գրեթե անհնար է։ Ի դեպ, արդեն մեկնարկած ծրագրի շրջանակներում շարժական կենտրոնները կշրջեն հանրապետության մարզերով, որպեսզի նաև սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ ծառայություններ մատուցեն կանանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG