Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վերսկսեցին բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցները Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսեցին քայլերթը դեպի Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության շենքերի մոտ: Ընդդիմադիրները հայտարարում են, որ հստակ պահանջ են ներկայացնելու երկու կառույցներին:
Թե ի՞նչ հայտարարություններ են հնչելու, «Ազատության» հետ զրույցում շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ ընթացքում կորոշեն իրենց հաջորդ քայլերը, թե բացի քայլերթից այլ ինչ բողոքի ակցիա են իրականացնելու:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր ավելի վաղ բողոքի ակցիա անցկացրեց Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Քաղաքական ուժերի ներկայուցիչներն ու նրանց համակիրները նախատեսում էին շրջափակել կառավարական շենքը՝ խոչընդոտելու համար վարչապետի մուտքն այնտեղ։ Մինչդեռ շենքն ավելի վաղ շրջափակվել էր մեծ թվով ոստիկանական ուժերով։
Ոստիկանությունը բերման ենթարկեց 5 տասնյակից ավելի քաղաքացիների, մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, թե բերման ենթրակվածները 100-ից ավելի են, այդ թվում նաև իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներց։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու փորձ ևս կատարվել է, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։