Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Ռաշիդ Մերեդովն այսօր ժամանում են Անկարա՝ մասնակցելու իրենց թուրք գործընկերոջ հետ եռակողմ բանակցությունների։ Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մայրաքաղաքում հյուրընկալում է այս ձևաչափով երեք երկրների հինգերորդ հանդիպումը։ Նախորդը կայացել էր 2017 թվականին՝ Բաքվում։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երեք երկրների հակագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլեր։
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Պլանավորված է Թուրքմենստանի արտգործնախարարի առանձին հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
2019-ին Անկարայում երեք երկների էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել էին իրականացվող մի շարք միացյալ տարածաշրջանային նախագծեր, այդ թվում՝ Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքը և Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը։
Նախորդ շաբաթ նախատեսված էր նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում, սակայն բանակցությունների նախօրեին Վրաստանի վարչապետը Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին, արտգործնախարարությունները հայտնեցին հանդիպման հետաձգման մասին։ Մեկ ամիս առաջ էլ Իսլամաբադում կայացել էր Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Պակիստանի արտգործնախարարի հետ։