Մատչելիության հղումներ

ՃՈ ներկայացուցչի փոխանցմամբ, բեկանվել է պատերազմի ու հետպատերազմյան շրջանում կազմված վարչական ակտերից 1365-ը


Հոկտեմբերից մինչև տարեվերջ Հայաստանի ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել են ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ Արցախից Հայաստան եկող ճանապարհներին։ Կազմվել են արձանագրություններ և դրանք ուղարկվել հասցեատերերին՝ առաջացնելով Արցախի բնակիչների դժգոհությունը։

Այդ օրերին մարդիկ տարհանում էին ընտանիքները, փախչում էին պատերազմից՝ քնաթաթախ, հոգնած ու հուզական վիճակներում, ասում են արցախցիները։ Հաճախ մեքենաները վարում էին կանայք ու նաև երեխաները, քանի որ տան տղամարդիկ առաջնագծում էին։

«Առաջին անգամ էրեխոցն եմ տարել, թողել էս կռիվը որ սկսվել ա։ Տարել եմ թողել, հետ դարձել, էդ դեպքում ա եղել։ Իսկ երկրորդ անգամ էլ նորից ա տուգանք էկել, էդ էլ հարևանս զոհվել ա, գնացել եմ թաղման մասնակցել։ Ընդհանուր մի 70-80 հազարի», - «Ազատությանն» ասաց արցախցի Արթուր Հասրաթյանը։

Հասրաթյանի երկու որդիներն առաջնագծում էին, Երևան էր տեղափոխում դստերն ու թոռներին։

Արցախի այլ բնակիչների հետ էլ խոսեցինք, արձանագրված խախտումների մեծ մասը արագության գերազանցման հետ է կապված։

«Ամերիկային եղել էր ստեղ, կռիվ անի։ Բայց տարիքը բարձր ա, օգնում էր մեզ։ Գնում էր Երևանից վեշեր էր տեղափոխում, ուտելիք էր բերում, ինքն էր քշում իմ ավտոս։ Խախտումը անելու օրը վեշեր էր տեղափոխում Երևան, արագության պատճառով տուգանել են», - ասաց Էդգար Հովսեփյանը։

Ճանապարհային ոստիկանությունը խախտումներն արձանագրում է լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի միջոցով, հետևաբար տեղում որոշել, թե խախտումներից որն է քաղաքացին ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում գործել, որը անզգուշությամբ կամ դիտավորությամբ, հնարավոր չէ։ Ուստի արձանագրվել են բոլոր խախտումները, պարզաբանում է Ճանապարհհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Կարեն Վարդանյանը։

«Ամեն անգամ յուրաքանչյուր դիմումին անհատապես մոտեցվում ա, հրավիրվում ա համապատասխան դիմումատուն, քննարկում և հասկացվում ա։ Եթե առկա են լինում փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում ա՝ շատ ավելի հեշտ։ Օրինակ, լինում ա, որ քաղաքացիները ներայացնում են բուժհիմնարկներից տեղեկանքներ, որ վիրավորում ստացած, կամ դեղորայք փոխադրելու, կամ արյուն մատակարարելու, մնացած-մնացած պատճառներով թույլ են տվել վարչական իրավախախտումներ», - նշեց Վարդանյանը։

Խախտման ակտերը ստացած քաղաքացիների մի մասն արդեն հասցրել է բողոքարկել, մյուսները տեղյակ չեն, շատերը սպասում են ընդհանուր որոշման։

Մինչդեռ Հայկ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդհանուր որոշում կամ նախագիծ ակտերը բեկանելու կամ վերանայելու վերաբերյալ չկա, յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհատապես դիմում ներկայացնի Ճանապարհային ոստիկանություն և քննությունից հետո կկայացվի որոշում ակտերը բեկանելու կամ վերանայելու վերաբերյալ։

«Էդ քաղաքացիների կողմից էս պահի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում ստացվել է 1586 դիմում, որից 978-ը բավարարվել է։ 978 բավարարված դիմումների շրջանակներում բեկանվել է 1365 վարչական ակտ։ Չբավարարված ակտերի թիվը կազմել է 608, իսկ չբեկանված վարչական ակտերի թիվը այս պահի դրությամբ ներկայացված բողոքների մասով կազմել է 929։ Այսինքն՝ մենք կարող ենք փաստել, որ ներկայացված դիմումների գրեթե 60 տոկոսը, նույնիսկ 70 տոկոսը Ճանապարհային ոստիկանության կողմից բավարարվել է», - փոխանցեց Հայկ Վարդանյանը։

Հոկտեմբերից մինչև հունվարը ներառյալ Արցախի փոստում 10 հազարից ավելի ակտեր են ստացվել, դրանց մեծ մասը հասել են հասցեատերերին, բայց մոտավորապես 15-20 տոկոսը հետ է վերադարձվելու, քանի որ տեղահանված բնակիչներին է ուղղված, իսկ շատերի բնակության հասցեն անհայտ է։

Այն պարագայում, երբ խախտումը կատարած անձը չի ծանուցվում, ակտերը հետ են վերադարձվում և տեղադրվում են azdarar.am կայքում, ինչից 5 օր հետո համարվում են ծանուցված։ Այս պարագայում էլ խնդիրների բախվելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է կրկին դիմում ներկայացնել, որի վերաբերյալ կլինի քննություն և կկայացվի անհատական որոշում։

«Էդ գործերը հատուկ ուշադրությամբ է քննվում Ճանապարհային ոստիկանությունում, ցուցաբերվում է առանձնահատուկ մոտեցում վարչական վարույթներին։ Թեև օրենքի պահանջը ընդհանրական ա, բայց հասկանալի պատճառներ մենք ունենք՝ երկրում ստեղծված իրավիճակը և քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, հետևաբար նման հարցերին այլ մոտեցում է ցույց տրվում, ավելի բազմակողմանի է նայվում, քան մնացած դեպքերում»։

Այն քաղաքացիները, ովքեր արդեն վճարել են տուգանքի գումարը, ևս կարող են բողոքարկել․ տուգանքի վերացման համար սահմանված է 30-օրյա ժամկետ՝ վարչական ակտը ստանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG