Մատչելիության հղումներ

Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը շատ արդյունավետ է


Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ընկերությունների համատեղ արտադրած պատվաստանյութը, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ընկերությունների համատեղ արտադրած պատվաստանյութը, արխիվ

Ամբողջ աշխարհը COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութ հայթայթելու տենդի մեջ է:

Դեղագործական ընկերությունները միլիոնավոր դեղաչափեր են արտադրում, բայց միևնույն է չեն հասցնում կատարել պատվերները: Բարդություններից մեկն այն է, որ գրեթե բոլոր վակցինաներն անհրաժեշտ է երկու անգամ ներարկել, առաջին սրսկումից մոտ 3 շաբաթ անց պետք է մարդուն տալ նաև երկրորդ դեղաբաժինը, քանի որ դա է խթանում կորոնավիրուսի դեմ իմունիտետը:

Այնուամենայնիվ, Իսրայելում՝ Շեբայի բժշկական կենտրոնում վերջերս անցկացված հետազոտության հուսադրող արդյունքները մանևրելու հնարավորություն են ընձեռում: Խոսքն այս դեպքում Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի մասին է, որի կուտակային արդյունավետությունը հասնում է 95 տոկոսի:

«Մենք համեմատել ենք Շեբայի բուժկենտրոնի պատվաստված աշխատակիցների արդյունքները և պարզել, որ առաջին դեղաչափի էֆեկտիվությունը 85 տոկոս է, թեպետ արտադրողը՝ Pfizer-BioNTech-ն, այն 52 տոկոս է գնահատել: Սա նշանակում է, որ մեր պատվաստված աշխատակիցները՝ ներարկումից 3 շաբաթ անց շատ ամուր պաշտպանված են եղել COVID-ի դեմ»,- ասել է բուժկենտրոնի պրոֆեսոր Էյալ Լեշեմը:

Այդ կենտրոնի 7 հազար 214 աշխատակիցներ կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափը ստացել են հունվարին, 85 տոկոսի արդյունավետությունը ձևավորվել է 15-ից 28 օրվա ընթացքում:

Pfizer-BioNTech-ը պատվիրատուներին հայտնել է, որ երկու դեղաչափերի միջև ընկած ժամանակահատվածում պաշտպանության աստիճանը 52 տոկոս է, բայց, փաստորեն, իրականում այն ավելի քան 30 տոկոսով բարձր է: Եվ դա, ըստ իսրայելցի պրոֆեսորի, ունի մեծ գործնական նշանակություն:

«Շատ երկրներում կա վակցինայի պակաս, անհրաժեշտ է հնարավորինս արագ պատվաստել խոցելի խմբերի մարդկանց, եթե վակցինայի արդյունավետությունն առաջին ներարկումից հետո այդքան բարձ է, ուրեմն կարելի է հետաձգել երկրորդը, և նախ վակցինայով ապահովել բոլոր նրանց, ովքեր խոցելի խմբերից են: Եվ ընդհանրապես, եթե կա դեֆիցիտ՝ կարելի է բոլոր բնակիչներին վակցինա տալ մեկ անգամ ու միայն դրանից հետո մտածել երկրորդ ներարկման մասին»,- ասել է Էյալ Լեշեմը:

Pfizer-BioNTech-ի երկրորդ դեղաչափից հետո վակցինայի արդյունավետությունը բարձրանում և հասնում է 95 տոկոսի: Այդ աստիճանն է ապահովում նաև ամերիկյան Moderna-ն: 92 տոկոսի արդյունավետություն է գրանցել Спутник-V-ն:

Թե որքանով լուրջ և իրական է կորոնավիրուսի վտանգը՝ ապացուցում է վիճակագրությունը, որը երեկ հրապարակել են ԱՄՆ-ում:

2020-ի առաջին կիսամյակում Միացյալ Նահանգներում արձանագրվել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր կյանքի միջին տևողության ամենամեծ անկումը:

2019 թվականի համեմատությամբ այն մեկ տարով նվազել է՝ 78,8 տարուց իջնելով մինչև 77,8 տարի: Ընդ որում, էլ ավելի տխուր է սևամորթների կամ լատինական ծագման ամերիկացիների կյանքի տևողության վիճակագրությունն, ինչը բացատրվում է սոցիալական անհավասարության հանգամանքներով:

Հայաստանում մասնագիտական հանձնաժողովն արդեն արտոնել է Sputnik V, AstraZeneca և Pfizer վակցինաների կիրառումը:

Պատվաստանյութի արդար և հավասար մատակարարումը հրատապ է և՛ գերզարգացած, և՛ զարգացող, և՛ աղքատ երկրների պարագայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհն աստիճանաբար կարողանում է լուծել այդ հիրավի բարդ խնդիրը:

«Աշխարհը մոտենում է վակցինայի մատակարարման գործում հավասարություն ապահովելուն, այդ թեման կքննարկվի «Մեծ յոթնյակի» և Մյունխենի անվտանգության կոնֆերանսի առցանց գագաթնաժողովում, ես խոսելու եմ այդ մասին, հարյուրավոր կազմակերպություններ և հազարավոր մարդիկ աջակցում են մեզ այդ հարցում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG