Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում, ըստ դատախազության, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ


Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հաղորդմամբ` նախորդ տարի Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը եռակի ավելի է նախորդ տարվա համեմատ:

Գլխավոր դատախազի ղեկավարմամբ այսօր ասնցկացված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50 տոկոսն արձանագրվել է ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում:

2020 թվականի ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: Նախորդ տարի նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման ընթացքում հանցավոր արարքների բացահայտման ուղղությամբ, նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020 թվականի ընթացքում զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են շուրջ 221.5 միլիոն դրամի վնասի պատճառման փաստեր:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամ վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG