Մատչելիության հղումներ

Արտասահմանցի լրագրողների համար գործում է Արցախ մուտք գործելու նոր կարգ


Միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լրագրողական գործունեություն ծավալել Արցախում, պետք է հավատարմագրվեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Հավատարմագրման կարգն ու ընթացակարգը ներկայացված է Արցախի արտաքին գործերի նախարարության կայքում։ Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում որևէ արգելքի մասին նշված չէ։

Այդուհանդերձ, օտարերկրացի լրագրողների հետ աշխատող հայաստանցի ֆիքսերը, չներկայանալու պայմանով, «Ազատությանը» պատմեց, որ օրերս մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների մուտքը Արցախ արգելվել է՝ չնայած մուտքի թույլտվության առկայությանը։ Մերժել են շվեդ լրագրողին, որն արդեն նախկինում եղել է Հայաստանում և լուսաբանել պատերազմը, արգելվել է նաև մուտքի վիզա և հավատարմագիր ունեցող իսպանացի լրագրողի մուտքը, ով նախկինում բազմիցս եղել է Հայաստանում։

Նման խոչընդոտի, բայց ոչ արգելքի, հանդիպել է նաև օտարերկրյա քաղաքացիների խումբը, որն Արցախ էր մեկնում հումանիտար օգնություն տանելու նպատակով։

Կամիլ Բողդեն 7 հոգանոց խմբից մեկն է, որ Արցախ էր մեկնում։ Առանց այդ էլ երկար ճանապարհը, ասում է, ավելի երկարեց սահմանային անցակետերում տարվող բանակցությունների հետևանքով․ - «Ճանապարհի վրա մոտավորապես ութ անգամ պետք է կանգնենք, ու շատ անգամ ինձ ասեցին, որ կարելի չէր ավելի հեռու գնալ, որովհետև հայկական անձնագիր չունեինք։ Չէի կարող հասկանալ, թե ինչու կարելի չէր ու հետո կարելի էր»։

Խմբին ուղեկցող Հայաստանի քաղաքացի Սեդա Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ արգելքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին։ Ռուս խաղաղապահները նշել են, որ Հայաստանի քաղաքացիները կարող են օտարերկրյա քաղաքացիներին թողնել անցակետում, իսկ իրենք առաջ շարժվել։

«Անմիջապես ասացին, որ քանի որ արտասահմանցիներ կան, արտասահմանյան անձնագրով անձինք, այդ օրը առավոտյան հրաման է իջեցվել, որ իրենք չեն կարող մուտք գործել առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվության։ Ինչին ի պատասխան մենք ասացինք, որ մենք Երևանում դիմել ենք համապատասխան մարմնին, ստացել ենք համապատասխան թույլտվություն, և ընդհանրապես ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն միջամտի Հայաստանից Արցախ մարդկանց տեղաշարժին։ Բնականաբար իրենք շարքային զինվորականներ էին, ասացին, որ իրենք չեն որոշում, իրենք հրաման են կատարում»։

Առաջին անցակետում բանակցություններից ու անձնագրային տվյալները ստուգելուց հետո խմբին հաջողվել է առաջ անցնել։ Հաջորդ երկու անցակետերում ևս խումբը ստիպված է եղել երկար բանակցություններ վարել առաջանալու համար։

«Ես չգիտեմ թյուրիմացություն էր թե չէ, տպավորություն էր, որ էդպիսի միանշանակ հրահանգ և որոշում չկա, որովհետև հաջորդ անցակետում՝ Բերձորի անցակետում արդեն որևէ մեկը չհիշատակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, բայց այստեղ էլ մեզ ասացին՝ դուք չունեք Մուրադովի թույլտվության թուղթը», - պատմեց Սեդա Գրիգորյանը։

Կրկին բանակցությունների արդյունքում և Սեդայի համոզմամբ՝ լրագրողների բացակայության շնորհիվ, իրենք կարողացան հատել սահմանը։

Արցախ մուտքի դժվարության ու արգելքի պատճառները պարզելու հնարավորություն չունեցանք։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը խոստացավ ավելի ուշ պարզաբանում ներկայացնել։

Արցախ օտարերկրյա քաղաքացիների մուտքի պայմաններում փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին նախարարությունն իր կայքում հայտարարել էր մեկ շաբաթ առաջ․ - «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտերի հաստատումից հետո օտարերկրյա քաղաքացիները կարող են ժամանել Արցախ»։

Փոփոխություն է տեղի ունեցել նաև մուտքի թույլտվության տրամադրման ժամկետներում, եթե նախկինում 1 օր էր պահանջվում, ապա այժմ 3-4 աշխատանքային օր, երբեմն ավելի երկար ժամանակ կպահանջվի թույլտվությւոնը ստանալու համար։

Նույնը վերաբերում է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ընդ որում, թույլտվությունը ստանալուց հետո, մուտք գործողների տվյալները փոխանցվում են սահմանակետերում գտնվող ռուս խաղաղապահներին՝ ֆիքսելով հստակ օրն ու ժամը։ Այդ ժամկետից շուտ կամ ուշ հասնելու դեպքում մուտքի թույլտվությունը չի գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG