Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես վերականգնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ կանոնավոր չվերթները՝ շաբաթական 4 հաճախականությամբ։ Համավարակի պատճառով դեպի Ռուսաստան թռիչքները մոտ մեկ տարի է` դադարեցված էին։
Փետրվարի 1-ից մեկնարկեց մեկամսյա «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։ Քաղաքացիները իրենց բջջայինում պետք է ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը, որտեղ նշված են այն լաբորատորիաները, որտեղ էլ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Բացասական պատասխանից հետո միայն հնարավորություն ունեն մեկնելու։
Արդյոք այս կարգը շարունակելու է գործել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի փոխանցմամբ՝ այս պահին պայմանավորվածությունը դեռ նույնն է, քաղաքացիները շարունակելու են օգտվել հավելվածից։ Գրասենյակից տեղեկացնում են նաև, որ մարտի 1-ից հետո հավանական է, որ կանոնավոր չվերթները կշարունակվեն:
Կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած ոլորտներից մեկը տուրիզմն է։ Զբոսավարները հույս ունեն՝ գոնե այս տարի այս ոլորտը կշնչի։ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի անդամ Անդրանիկ Բաղդասարյանը, ով աշխատում է ռուսական շուկայի հետ, ասում է՝ ռուսաստանցի տուրիստներն արդեն հետաքրքրված են Հայաստան այցելելով. «Հույս ունենք` Հայաստանն այս դեպքում ռուս զբոսաշրջիկների համար կդառնա առաջնային այցելվող տեղերից մեկը, որովհետև Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, դա նաև գալիս է այստեղի սպասարկման որակի հետ կապված: Հույս ունենք` այս տարի բավականին մեծ քանակությամբ կունենանք, ու վերջապես զբոսաշրջության ոլորտը, ըստ երևույթին, Հայաստանի ամենաշատ տուժած ոլորտներից մեկն է, հույս ունենք, որ կշնչի այս տարի, գոնե եթե ոչ ամբողջ թափով, գոնե մի 30-40 տոկոսով»:
Զբոսավարի խոսքով` եթե այսպես շարունակվի, կրկին սահմանափակումներ չլինեն, մայիսին արդեն զբոսաշրջության ոլորտում ակտիվություն կգրանցվի. «Չվերթները շարունակվելու դեպքում կգան, մանավանդ ռուս զբոսաշրջիկները, որովհետև իրենք մի քիչ տարբերվում են եվրոպական շուկայից, եթե եվրոպական շուկայում անպայման վակցինացիա պետք է և այլն, այսպիսի հարցեր են, ռուսական շուկայի մոտ վախն ավվելի քիչ է, իրենք ազատ կարողանում են տեղաշարժվել, երթևեկել և հանգստանալ»։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը հայտնեց նաև, թե ինչ այլ կանոնավոր չվերթներ են իրականացվում. «Իրականացվում են ներկա դրությամբ՝ Բեյրութ, Դուբայ, Դոհա, Մինսկ, Փարիզ, Շարմ էլ Շեյխ, Շարժա, Թեհրան, Վիեննա»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, տեղեկացնում են, որ յուրաքանչյուր երկիր Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում ներդրել է օտարերկրացիների մուտքը սահմանափակող միջոցառումներ, ուստի Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այդ չվերթներից, պետք է նախապես Երևանում տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչություններից ճշտեն այդ պահի դրությամբ այդ երկրում գործող սահմանափակումների մասին և թռիչքներից առաջ ձեռնարկեն համապատասխան միջոցներ։