Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Մասնավորապես, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, հոկտեմբերի 11-ին Պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, ցուցաբերել է իշխանության անգործություն․ - «Անձամբ չի դիմավորել, ինչպես նաև՝ չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը՝ կեսօրին, հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան»:
Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: