Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը սպասում է իշխանության բացատրությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև «հուշագրի» վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան»)

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները իշխանությունից պահանջում են բացատրություն տալ համացանցում շրջանառվող մի փաստաթղթի վերաբերյալ, որը ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանական ու չհրապարակված հուշագիր։

Այսօր Ազգային ժողովում ճեպազրուցի ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ իշխանությունը պետք է պարզաբանի նման հուշագիր իրականում գոյություն ունի, թե ոչ:

Ենթադրյալ հուշագիրը կազմվել է դեկտեմբերին, հրապարակված փաստաթղթում միայն տեքստ է և չկա ստորագրություն։

«Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, կամ գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի կողմից, սա ոչ միայն հակապետական, հակազգային փաստաթուղթ է, այլ նաև իրավունքի կոպիտ խախտում ունեցող փաստաթուղթ է և իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Որովհետև էլի կարգավորվում են այնտեղ հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության համաձայն և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, նմանատիպ փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է անպայմանորեն Սահմանադրական դատարան, հետո Ազգային ժողով մտնեն և վավերացվելուց հետո միայն ունենան կիրառական նշանակություն։ Մինչդեռ էնտեղ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ը արդեն կոնկրետ գործողություններ կատարվել են», - նշեց Սիմոնյանը։

Փաստաթղթի մասին առաջիններից խոսեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է հուշագիր, որով կարգավորվում է երթևեկությունը Գորիս-Կապան ճանապարհով։

Փետրվարի 10-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս - Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է «վիճելի տարածքներով»։

Ընդդիմադիր ԲՀԿ-ից հայտարարում են՝ կա՛մ իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ կան գաղտնի պայմանավորվածություններ ու հավելվածներ։

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

«Մենք չգիտենք, թե էդ հուշագիրը երբ ա ստորագրվել։ Կարող ա ստորագրված լինի մինչև Ճակատենի, Շուռնոււխ գյուղի ու Որոտանի հատվածները ադրբեջանցիների գալուց առաջ, այսինքն՝ թույլ են տվել, էկել են, կարող ա լինի էկել են, նոր են ստորագրել, համաձայնվել են դրա հետ։ Դա պետք ա դեռ բացահայտվի։ Դա մենք որոշ կարճ ժամանակ հետո անպայման կիմանանք։ Բայց սա ապացուցում է, որ եթե էդպես է էդ պրակտիկան, նշանակում է դա գործելաոճ, գործելակերպ», - ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ենթադրյալ հուշագրի գոյության փաստը այսօր ԱԺ-ում հերքեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ սա համարելով հերթական մանիպուլյացիա։ Նրա խոսքով՝ 6 կետանոց հուշագիր, որով Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհներին պետք է կանգնեն հայ և ադրբեջանցի սահմանապահներ, ցանկացած մեկը կարող է գրել ու տարածել համացանցում։ Նշենք սակայն, որ սահմանային ճգրտումներից հետո այս ճանապարհներին արդեն իսկ տեղակայված են հայկական, ռուսական և ադրբեջանական սահմանապահ դիտակետեր։

Սիսակ Գաբրիելյան
Սիսակ Գաբրիելյան

«Էկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ, երեք հարյուր հատ էդպիսի փաստաթուղթ կազմենք ցանկացած բովանդակությամբ․․․ A4 չորս ֆորմատի թղթի վրա համակարգչով հավաքած տեքտ ա, որի մեջ ինչ ասես գրում են։ Եվ դա տարածում են հարյուր տոկոսանոց ճշմարտություն․․․ Էդ թղթերը պարզապես թղթեր են», - լրագրողներին ասաց Գաբրիելյանը։

Խմբակցության մեկ այլ պատմգավոր՝ Հայկ Գևորգյանը հայտարարեց Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների դուրս է, բայց այն ոչ մի վայրկյան փակ չի եղել․ - «Դա էնպես չի, որ պիտի չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի էս պահին։ Դա պայմանավորվածությունների արդյունք ա, որ էդ ճանապարհը պիտի գործի և գործում ա»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է՝ իշխանության ներկայացուցիչները կտրված են իրականությունից․ - «Սասունցի Դավիթի մեջ մի հատ դրվագ կա, որ Մսրա Մելիքին թրով խփում ա, ասում ա՝ Դավիթ, մին էլ արի, այսինքն՝ չի ստացվել, չես վնասել։ Ասում ա՝ հլա մին քեզ թափ տուր։ Թափ ա տալիս, էրկու կես ա լինում։ Հիմա էս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, էրկու կես կլինի։ Արդեն թրով մեջտեղից խփած ա, իրանք չեն զգում, տաք են, դեռ էդ արյունատար բաները աշխատում են։ Բայց մի հատ թափ տվեց, քանդվելու ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG