Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Արա Այվազյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, անդրադարձել են Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։
ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։