Մատչելիության հղումներ

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով։

2020 թվականին, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, վարչապետի խոսքով, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:

Չինաստանի դեսպանի խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը:

Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը:

Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո - 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG