Մատչելիության հղումներ

Մանկապարտեզներում ընդունելությունը մեկ տարի դադարեցված է. աշխատել ցանկացող մայրիկները լուծում են պահանջում


Կորոնավիրուսի պատճառով արդեն մեկ տարի է, ինչ մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցված է։

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր հավաքված ծնողները, սակայն, նշում են՝ եթե բազմաթիվ ոլորտներում կանոնները մեղմացվել են, թույլատրվում է օրինակ՝ առանց մարդկանց թվի սահմանափակումների հավաքույթներ իրականացնել, ինչո՞ւ մանկապարտեզներում ընդունելության հարցն ի վերջո չի լուծվում։ Ծնողներն ասում էին՝ հնարավորություն չունեն դայակ վարձելու կամ երեխային մասնավոր մանկապարտեզ ուղարկելու, ի՞նչ անեն աշխատող մայրերը, ֆինանսական դժվարություններն էլ մի կողմից. «Պարտեզները բացվեն, էս երեխաները գոնե պարտեզ գնան, ծնողները կարողանան աշխատանքի դուրս գալ, վերջիվերջո երեխաները հետ են ընկնում զարգացումից»։

«Մեր ընտանիքում երեք հոգի ենք, ես եմ, ամուսինս և երեխան: Ամուսինս աշխատում է, ես էլ տանն եմ լինում երեխայի հետ, բայց ես էլ եմ ուզում աշխատանքի դուրս գալ, ֆինանսական հարցեր կան ընտանիքի հետ կապված։ Հնարավոր չի, որ տանը մի հոգին աշխատի, նորմալ ընտանիքը գոյատևի: Ամեն ծնող չի, որ հնարավորություն ունի երեխային տանել մասնավոր պարտեզ, պարտեզներում վճարները, ես չգիտեմ, սկսվում է ամենաստից պարտեզը 70 հազարից: Հայաստանի համար դա մի հատ աշխատավարձ է: Եթե փոքր ընտանիքում մի ծնող է աշխատում, մյուսը չի աշխատում, ո՞նց կարող է այդ ծնողն այդ պայմաններում, եթե կարիք կա, երեխան պիտի գնա պարտեզ, ո՞նց տանի, մասնավոր պարտեզ, հնարավորություն չկա», - ասում է ծնողներից մեկը:

Մարտից փակված մանկապարտեզները վերաբացվեցին սեպտեմբերի 15-ին նոր պայմաններով։ Յուրաքանչյուր խմբում կարող է լինել առավելագույնը 12 երեխա։ Առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի և տվյալ մանկապարտեզի աշխատակցի երեխային. «Գուցե իրենց մտքով չի անցել, որ միայնակ մայրը, որ ոչ մի օգնություն չունի, նպաստի հույսին է ապրում, ինքը հնարավորություն չունի, որ մասնավոր տա կամ դայակ վարձի, դրա համար միայնակ մայրերի հարցը մնացել է անտեսված վիճակում»։

Միայնակ մայր Մարինե Սոսյանը երեխային հերթագրել է դեռ մեկ տարի առաջ, ասում է, սակայն, մանկապարտեզի հերթում որևէ շարժ չի նկատվում. «Ես չեմ աշխատում, երեխան գրանցված է, բայց չի հաճախում, չէ՞ որ պետք է գնա պարտեզ, որ ես կարողանամ աշխատել, իմ երեխու կարիքները հոգամ։ Օդից կախված վիճակում ենք հայտնվել»:

Աշխատող ծնողներից մեկն էլ ստիպված է եղել երեխային մասնավոր մանկապարտեզ ուղարկել, սակայն նախընտրում էին պետական, որը Երևանում անվճար է։ Նա էլ էր մեկ տարի առաջ իր երեխային է հերթագրել. «Երբ որ ընդունելությունը սկսվի, հաշվի առնելով, որ ինքը 100-րդն է, ես չգիտեմ` երբ ինքը նոր կսկսի հաճախել, 4-5 տարեկանում նոր։ Ինձ թվում է` լրիվ անիմաստ է»:

Երևանի մանկապարտեզներում այս պահին ավելի քան 12 հազար հերթագրված երեխա կա, այժմ հաճախում է 15 հազար երեխա։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հիմա քննարկումներ են ընթանում հարցին լուծում տալու համար. «Հիմա շատ ակտիվ քննարկում է, և մենք լուծմանը շատ մոտ ենք: Կարծում եմ` առաջիկայում, առաջիկա օրերին ինչ-որ լուծում կլինի, և մենք դրա մասին կհայտարարենք»:

«Քննարկումներից այն կողմ ոչ մի տեղ չի հասնում այս հարցը, անվերջ քննարկումներ են, մենք տեսնում ենք, որ ինչ-որ քննարկումներ են, գոնե ժամկետ հասկանանք: Մեզ նույնիսկ չեն ասել, որ սեպտեմբերին է լինելու, սեպտեմբերին իմ բալիկն արդեն 4 տարեկան է լինում, մի տարի գնա պարտեզ, հետո դպրո՞ց», - արձագանքեց ծնողներից մեկը:

Դեռևս չի հստակեցվում, սակայն, որ ընտանիքների երեխաները կարող են հաճախել մանկապարտեզ` հերթում սպասողները, թե սահմանափակումների պատճառով մանկապարտեզներ այլևս չհաճախողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG