2020-ին Սյունիքում արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում 5 տոկոսով՝ 744 դեպք՝ 2019-ի 783 դեպքի դիմաց, հայտնում է գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը, ինչպես նաև մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրները:
Ըստ հաղորդագրության, մարզում հատկապես նվազել են առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործությունների դեպքերը: 2020-ին բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:
Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ Հայաստանի հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝ հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:
Դատախազության փոխանցմամբ, մարզի տարածքում 2020-ին արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով՝ կամ գրեթե 4.5 անգամ. 2019-ի 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք:
Գլխավոր դատախազությունը նշում է, որ նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը, պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում:
Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021-ի ընթացքում քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ: