Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է վերացնի Թեհրանի հանդեպ պատժամիջոցները, եթե ցանկանում է, որ Իրանը վերադառնա արևմտյան գերտերությունների հետ 2015-ին ստորագրած միջուկային համաձայնագրին։
Խամենեի ելույթն այսօր հեռարձակվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ։ Մեկնաբանները նշում են, որ Ջո Բայդենի ինագուրացիայից հետո սա Խամենեի առաջին ելույթն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։
Նախօրեին Իրանի արտգործնախարարը իրանական մամուլին տված հարցազրույցում Վաշինգտոնին հորդորել է քայլ կատարել միջուկային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ։ Մոհամադ Զարիֆը նշել է, որ Իրանի խորհրդարանում ընդունված օրինագծի ու ապագա ընտրություններից առաջ հիմա քայլեր կատարելու հարմար ժամանակն է։ Նրա խոսքերով` Ամերիկայի համար ժամանակը սպառվում է։ Անցած դեկտեմբերին Իրանի խորհրդարանում ընդունված օրինագիծը կառավարությանը պարտավորեցնում է կոշտացնել դիրքորոշումը միջուկային ազգային ծրագրի հարցում, իսկ իրանական Ամանորից հետո երկիրն ընկնելու է նախընտրական մթնոլորտի մեջ։
Իրանական Ամանորը մարտի 21-ին է: Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու գալիք հունիսին։