Մատչելիության հղումներ

«Շատ լավ ապագա է սպասում մեզ»․ արցախցի երեխաների նոր երգչախումբ է ձևավորվում


Արցախցի և 44-օրյա պատերազմի մասնակից ընտանիքների երեխաների վոկալի մրցույթն է: Ընտրում են լավագույններին՝ պատերազմի միջով անցած երեխաներից նոր երգչախումբ ձևավորելու համար։

Հադրութցի 15-ամյա Քրիստինե Ադամյանը, որ կարոտով է հիշում այլևս ադրբեջանական տիրապետության տակ անցած հարազատ քաղաքի երաժշտական դպրոցը, հուսով է՝ իր տաղանդը Երևանում էլ կնկատեն, ու մանկության երազանքը կկատարվի՝ կներկայացնի Արցախը միջազգային բեմերում։

«Տարբերությունը շատ է՝ մեր հայրենիքն էր այնտեղ, բայց այստեղ էլ կարող ենք ստեղծել, շատ լավ ապագա է սպասում մեզ», - ասում է Քրիստինեն։

Նախաձեռնության հեղինակներից մեկն արդեն իսկ միջազգային բեմերում անուն վաստակած օպերային դիվա Ռուզան Մանթաշյանն է։

«Երեխաներին հիմա երևի ամենաշատը պետք կլինի խմբակային ինչ-որ մի բան, որ իրենց կմիավորի, որպեսզի երեխաներն իրենց մաքսիմալ տաղանդները բացահայտեն։ Այնքան շատ ներգրավվածություն կա ընդհանրապես, և կարիք կա մանկական երգչախմբերի՝ տարբեր, տարբեր պրոյեկտներում, ու որպես կանոն՝ այդ պրոյեկտները միշտ հաջողված են, որովհետև երեխաներից ավելի պարզ, մաքուր ի՞նչ կարող է լինել, որ դնես բեմի վրա՝ ու իրենք արդեն իրենցով ստեղծում են այդ տոնը», - նշում է երգչուհին։

Հայ երգչուհին, ով այս պահին բնակվում, աշխատում է Ֆրանսիայում, անցած տարի սկանդալային մի պատմության մեջ էր հայտնվել. Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողության ժամանակ ադրբեջանցի տենոր, ռուս ժողովրդական արտիստ Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր երգել Ռուզան Մանթաշյանի հետ։ Մեծ աղմուկից հետո խնդիրը լուծվել էր, և թեպետ Էյվազովը և Մանթաշյանը երգեցին նույն բեմում, բայց դուետով հանդես չեկան։

Կորոնավիրուսը աշխարհում կաթվածահար արեց ամեն ինչ, Ղարաբաղյան պատերազմը է՛լ ավելի դժվարացրեց ապրելը։ Երգչուհին ցավում է, բայց հետևություն է արել՝ այն աբսուրդը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, ցույց է տալիս, որ արվեստը քաղաքական գործիչներից շատերի համար 10-20-րդ տեղում է։

«Շատ հույսեր չեմ կապում նրա հետ, որ արվեստը, երաժշտությունը ինչ-որ ձևով կարող է ազդեն ցանկացած քաղաքական որոշումների վրա, որովհետև դա լրիվ ուրիշ աշխարհ է, ու թող այդպես էլ մնա», - ասում է Մանթաշյանը։

Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ՝ Դրեզդենում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, հայ երգչուհին իր հարցազրույցներում շատ էր խոսում այն մասին, որ կցանկանար՝ արվեստում, երաժշտությունում քաղաքականությունը, խտրականությունը տեղ չունենար: Մտքերը նույնն են, պարզապես վերքերն են դեռ բաց։

«Շատ եմ մտածում՝ եզրեր, որտեղ կհանդիպեն հայկականն ու ադրբեջանականը ինչ-որ ձևով։ Ուղղակի այս պահի դրությամբ ես դա չեմ տեսնում, միգուցե դեռ շատ խորն է մեր բոլորի ցավը», - ընդգծում է Ռուզան Մանթաշյանը։

Վերադառնալով նոր ձևավորվող երգչախմբին, գաղափարի համահեղինակների՝ «Իտալիան Արցախի համար» շարժման ներկայացուցիչ Տարիել Բիշարյանի և Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրեն, տենոր Հայկ Վարդանյանի հետ բազմաթիվ մտքեր են արդեն գեներացրել, դեռ շատ փակագծեր չեն բացում, բայց ակնարկում են՝ երգը, պարը, արվեստի հնարավոր ճյուղերը միախառնվելու են։

Ռուզան Մանթաշյանն այս աշխատանքերին կմիանա թերևս գարնանը, երբ ժամանի Երևան։ Հիմա Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանն է ծանոթանում, լսում երեխաներին։ Վերջում կընտրվեն լավագույնները։

«Բոլորս էլ կանխատեսում ենք, որ շատ բալիկներ կվերադառնան Արցախ, դրան մենք միայն դրական աչքերով ենք նայում՝ այդպես էլ պիտի լինի, որովհետև Արցախը պիտի ապրի։ Իսկ մենք մնացողներին պիտի կարողանանք զարգացման հետաքրքիր միջավայր առաջարկել», - ասում է Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG