Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են կառավարությունից:
Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի:
Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր: