Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի բողոք ներկայացրած Հովսեփ Խուրշուդյանը կդիմի Դատավորների ընդհանուր ժողով՝ առաջարկելով կարգապահական պատասխանատվության ենթարկել 2016-ին իրեն ազատությունից զրկած դատավորներին։
Հայաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է, որ 4.5 տարի առաջ խախտել է այն ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի իրավունքները՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին նրան ապօրինի 27 օր պահելով անազատության մեջ։
«Կոնկրետ այս հանձնաժողովը, որին դիմելու եմ, վերաբերելու է դատավորներին, որովհետև այնտեղ մի քանի մակարդակի` Արաբկիր-Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատավորը, որ կալանքի որոշում էր կայացրել, հետո Վերաքննիչի դատավորն է` Ազարյանի գլխավորությամբ, որոնք որ նույնն են թողել այդ որոշումը», - ասում է նա:
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քանի որ Հայաստանի կառավարությունն ընդունել է իր կողմից Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գործը այսքանով համարվում է փակված, և ընդդեմ Հայաստանի վճիռ չի լինի. «Իմաստն այն է, որ ըստ կանոնների դատարանի, ըստ կանոնակարգի` դատարանը կայացնում է որոշում, երբ որ առկա է կառավարության կողմից միակողմանի հայտարարություն խախտումն ընդունելու վերաբերյալ, կամ երբ որ առկա է բարեկամական կարգավորում, այդ դեպքում վճիռ չի լինում»:
2016 թվականին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ-ի գրավման օրերին ընդդիմադիր շատ գործիչներ աջակցում էին Խորենացի փողոցը փակած քաղաքացիներին, որոնք ի պաշտպանություն գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի` ակցիաներ էին անում։ Փողոցին հարակից հատվածում՝ Սարի թաղում, բախումներ էին եղել ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ոչ միայն Խուրշուդյանը, այլև «Ժառանգություն» կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մամուլի խոսնակ, 2018-ի թավշյա հեղափոխության կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստ Վահագն Ղումաշյանը և այլ քաղաքացիներ։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգությունների համար։
Դիմելով ՄԻԵԴ` այս 4 անձինք պնդել էին` Հայաստանի կառավարությունը խախտել է նրանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մարտիրոսյանին, Խուրշուդյանին, Սանասարյանին վճարել 700-ական եվրո, իսկ Վահագն Ղումաշյանին՝ 800 եվրո։
«Իհարկե, նախ շատ ցավալի է, որ այսպիսի գործերով Հայաստանի Հանրապետությունը փաստորեն բազմաթիվ նախ խնդիրներ է ունենում և երկրորդը` փոխհատուցումներ է տրամադրում, այսինքն` պետական բյուջեից քաղաքացիներին: Մեր դեպքում, իհարկե, նպատակը դա չէր, որ այդ փոխհատուցումները ստանայինք, հիմա այդ 700 եվրոն սիմվոլիկ գումար է, որը ես, ի դեպ, կոնկրետ պատրաստվում եմ փոխանցել 1000+ հիմնադրամին», - ասում է Խուրշուդյանը:
2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա Խուրշուդյանին կալանավորել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, իսկ Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ։ Վճռաբեկի դատավոր Լիլիթ Թադևոսյանն էլ, որն այժմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն է, ընդհանրապես բողոքը չէր քննել։
Խուրշուդյանը վկայակոչում է Դատական օրենսգրքում 2020-ին կատարված փոփոխությունը, որով որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ ավելացվել է միջազգային դատարանի կայացրած ակտը, և պնդում է՝ այդ դատավորները չեն կարող արդարադատություն իրականացնել: Խուրշուդյանն այդ մասին տեղեկացրել է խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, առաջիկայում էլ իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը կդիմի, որ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրելիս Լիլիթ Թադևոսյանի օգտին չքվեարկեն. «Ես կարծում եմ, որ լրջորեն պետք է քննվի: Եթե մենք խոսում ենք վեթինգի մասին, և կառավարությունը, վարչապետը խոստացել էր դեռ տարիուկես առաջ, որ վեթինգ պետք է արվի, որ ՄԻԵԴ-ով անցած դատավորները` ապօրինի որոշումներ կայացարած, պետք է առնվազն հեռացվեն համակարգից և այլն: Մենք այդ ամբողջը չտեսանք, թեև լավ էր` գոնե օրենքում փոփոխություններ արվեցին, Դատական օրենսգրքում անցած տարի, և նման գործեր քննելու հնարավորություն է ստեղծվել: Հիմա էլ մենք ուրեմն պետք է ակտիվ լինենք, այն քաղաքացիները, ում իրավունքները խախտել են դատարանները, և դիմենք, գոնե կարգապահական տույժով, հեռացվեն համակարգից»:
Տարիներ առաջ ՊՊԾ գնդի մոտ բողոքի ակցիաների մասնակից Հովսեփ Խուրշուդյանը պատրաստվում է նաև դատարան դիմել ընդդեմ իրեն մեղադրանք ներկայացրած քննիչների, ինչպես նաև ցուցմունք տված ոստիկանների։ Վերջիններս հայտարարել էին, որ Խուրշուդյանն իրենց վրա քարեր է նետել. «Շատ զավեշտալի մի պահ եղավ, երբ որ առերեսման ժամանակ ոստիկանի հետ ուրեմն ոստիկանին հարցնում եմ, թելադրել էր իր ցուցմունքում, իմ հայրանունն էլ էր նշել, ես հարցրի` Դուք քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք, որ իմ հայրանունը գիտեք: Ասաց` այո, ես լսում եմ ելույթները քաղաքական գործիչների, ասացի` դե կարո՞ղ եք ինձանից բացի, որևէ մեկ թեկուզ այլ քաղաքական գործչի հայրանուն նշել, այդ ոստիկանը կարկամեց, իհարկե ու ոչինչ չնշեց: Ակնհայտ էր, որ իրենց գրել տվել են»:
Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: