Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրություններում 3 տոկոսից ավելի քվե ստացած կուսակցությունները կստանան ֆինանսական աջակցություն


Այսօր կառավարությունը որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Ըստ այդմ, ՀՅԴ-ին 2021 թվականին կհատկացվի 4 մլն 300 հազար դրամ, ՀՀԿ-ին 5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 9 մլն 150 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն դրամ:

Սա տարիներ ի վեր գործող «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջն է, իսկ գումարի չափը որոշվում է համաձայն կուսակցությունների ստացած ձայների։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է՝ կուսակցությունների հանրային ֆինանսավորումը կարևոր գործիք է, քանի որ ըստ էության կուսակցությունների ֆինանսավորման միակ աղբյուրը պետական բյուջեն և ՀՀ քաղաքացիներն են․ - «Կուսակցությունները առհասարակ կարող են ունենալ ֆինանսավորման միայն երկու աղբյուր՝ թե՛ ըստ տրամաբանության, թե՛ ըստ օրենսդրության։ Մեկը դա պետական բյուջեն է, մյուսը Հայաստանի քաղաքացիներն են։ Ֆինանսավորման այլ աղբյուր կուսակցությունները չեն կարող ունենալ, և այդ պատճառով կարևոր է, որ կուսակցությունների բյուջետային ֆինանսավորման մեխանիզմը գործի»։

Տարիներ շարունակ նույն սկզբունքով պետական բյուջեից ամենամեծ ֆինանսավորումը ստացել է նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը։ «Կուսակցությունների մասին» օրենքում վերջին՝ 2020 թվականի դեկտեմբերի փոփոխությունից հետո սակայն, կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

Եթե գործող օրենքով վերջին խորհրդարանական ընտրություններին ստացած յուրաքանչյուր քվեի համար կուսակցությունը ստացել է 40 դրամ, հիմա ֆինանսավորման բանաձևը փոխվել է։ Ոչ թե յուրաքանչյուր քվեի համար ֆիքսված 40 դրամ է, այլ մինչև 5 տոկոս ձայների համար բոլորը կստանան 1000-ական դրամ յուրաքանչյուր քվեի համար, 5-20 տոկոս ձայների դեպքում ձայնի «արժեքը» դառնում է 500 դրամ, իսկ 20 տոկոսից բարձր ձայների համար՝ 250-ական դրամ։

Օրենքում փոփոխության այս դրույթը ուժի մեջ կմտնի 2022 թվականին։ Փոփոխված տարբերակով պետական բյուջեից ֆինանսավորման չափը էականորեն կավելանա՝ հիմնականում հօգուտ փոքրամասություն կազմող կուսակցությունների, ասում է իշխող խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Դրա նպատակը շատ պարզ է։ Երբ որ խոսում ենք մենք կուսակցությունների անկախության, բիզնեսին, օլիգարխներից կախվածության պակասի մասին, դրա հիմնական լուծումը այն է, որ ոչ ամբողջությամբ, բայց գոնե իրենց հիմնական գործունեությունը ծավալելու համար, որոշակի նվազագույն ծախսեր իրականացնելու համար կարողանան ունենալ հանրային աջակցություն», - պարզաբանեց Դանիելյանը։

Դեկտեմբերին «Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանում ընդունվեց բավականին մեծ կոնսեսնուսուվ, խորհրդարանական ընդդիմությունը էական վերապահումներ չհնչեցրեց։

Այս մասով փոփոխությունների հետ կապված խնդիր են տեսնում արտախորհրդարանական ուժերը։ Մասնավորապես, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով, թե՛ գործող, թե՛ նոր տարբերակով հաշվի չեն առնված նոր ստեղծվելիք կուսակցությունների շահերը, որոնք գործունեության սկզբնական փուլում ավելի շատ հանրային աջակցության կարիք ունեն։

Իրենք առաջարկում են հետևյալ մոդելը․ յուրաքանչյուր հարկատու ինքն ընտրի, թե որ կուսակցության է ցանկանում աջակցել․ - «Նոր սկսողը ո՞նց ա հավասար մրցակցային պայման ունենալու, եթե ո՛չ պառլամենտում աթոռ ունի, ո՛չ պետական ֆինանսավորման ձև ունի։ Իսկ մասնավորի ֆինանսավորումն էլ արգելել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG