Մատչելիության հղումներ

Պետական դավաճանության համար՝ ցմահ, լրտեսության համար12-20 տարի ազատազրկում․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ի նախագծին


ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյան, արխիվ
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյան, արխիվ

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին։

Նախագծի հեղինակներն են Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ն, ըստ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի, առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար 12-20 տարի ազատազրկում։

Հիմնավորման մեջ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները մասնավորապես նշել են․ - «2020թ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը: Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»:

ԲՀԿ-ականներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։

Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում են 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG