Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ եղավ իրականացնելու մի ուշագրավ ծրագիր՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» խորագրի ներքո կազմակերպելով փառատոն՝ նվիրված բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:
Հոբելյանական համերգներից զատ, նախատեսված էր նաև նվագախմբի կատարմամբ Բեթհովենի 9 սիմֆոնիաների տեսաձայնագրությունը, որն իրականացնելու էր ռուսական հանրահայտ Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը: Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը սիրով տվել էր իր հավանությունը։
Անցայլ տարի համավարակը և պատերազմը հնարավորություն չտվեցին ամբողջությամբ իրականացնել փառատոնային ծրագրերը: Համերգներ իհարկե տեղի ունեցան, բայց 4 փուլից բաղկացած տեսաձայնագրման ծրագիրը մեկնարկեց միայն այս տարի՝ հունվարի վերջին տասնօրյակում: Հայաստանի ազգային նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի նախաձեռնությամբ, Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի լավագույն մասնագետները ժամանեցին Հայաստան և տեսաձայնագրեցին նվագախմբի կատարմամբ բեթհովենյան 1-ին, 2-րդ և 5-րդ սիմֆոնիաները՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Ազատության» հետ զրույցում Արման Պադարյանն ընդգծեց, որ հույս ունեն այս տարի ամբողջովին ավարտին հասցնել ծրագիրը․ - «Մարիինյանը իհարկե կատարեց հրաշալի մի աշխատանք, որովհետև նրանք 14 հոգով էին եկել, 2 ПТС-ով, իրանց մասնագետները շատ բարձր մակարդակ ունեն։ Ֆիլհարմոնիկ նբագախումբը պետք է ունենա վերջապես սերիալ տեսագրություն-ձայնագրությունով, որը պետք է պատրաստվի ամենաժամանակակից ձևով, որը մենք կկարողանանք տարածել աշխարհում․․․ երեք սիմֆոնիայով չպիտի բավարարվենք, պետք է ձայնագրենք և տեսագրենք հենց ինը սիմֆոնիաները։ Առաջին անգամ մեր նվագախմբի պատմության մեջ։ Եթե նրանք գան, ասենք, մարտ ամսին, ձայնագրենք և տեսագրենք 4-րդը, 6-րդը և 7-րդը։ Հետո կանենք 3-րդը և 8-րդը, դա կլինի երրորդ ֆազան։ Եվ վերջում պիտի առանձին ձայնագրենք-տեսագրենք 9-րդը։ Այսինքն՝ մենք չորս պլանավորած ֆազաներից դեռ արեցինք առաջին ֆազան, կարողացանք պատրաստել երեք սիմֆոնիա»։
Պադարյանը նշեց, որ այդ ամենը բավական բարդ աշխատանք է․ - «Նայեք, եթե նույն Գերգիևը Մարիինյան թատրոնի հետ մեկ ու կես տարում կարողացավ ձայնագրել և տեսագրել Շոստակովիչի բոլոր սիմֆոնիաները և կոնցերտները, և դա ինքը արեց Պետերբուրգում և Փարիզում, և այդ հավաքածուն դուրս էկավ։ Այդ հավաքածուն լավ վաճառվում ա, հարյուր եվրո արժի ամբողջ հավաքածուն։ Իհարկե, լավագույն բանը, որ մենք կարող ենք նվիրենք մեր ժողովրդին, նվագախմբին և բոլորիս՝ կատարել բոլոր սիմֆոնիաների ձայնագրությունը և տեսագրությունը, և որպես հավաքածու արտադրել։ Դա իհարկե կլինի հրաշալի մի պրոդուկտ»։
Խոսելով ձեռնարկի ֆինանսավորման մասին, Ֆիլհարմոնիկի պրոդյուսերն ասաց․ - «Իհարկե, նախագիծը ունի ֆինանսավորում նախարարության կողմից։ Բայց առանց հովանավորների, որոնք պետք է աջակցեն, և արդեն ես կարող եմ նշել, որ աջակցում են։ Մենք կարողացանք ստեղծել այնպիսի վերաբերմունք այս նախագծի նկատմամբ, որը շատերն ուզեցել են տրամադրել աջակցություն»։