Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ դեպի Ռուսաստան տոմսերի գների բարձրացման հարցով: Այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում Մարուքյանն ասաց` քաղաքացիներից ահազանգեր ունի, որ դեպի Ռուսաստան տոմսերի գները աստղաբաշխական թվերի են հասել:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Դեպի Ռուսաստան տոմսերը 350 հազար դրամի են հասել
«Ես պահանջել եմ, որ իմ դիմումի հիման վրա վարույթ հարուցվի, և ուսումնասիրվի այդ շուկան: Երեկ արդեն երեկոյան ուշ մինչև 350 հազար դրամանոց տոմսեր կային, հետո արդեն դարձավ այնպես, որ չէր ճարվում, այսինքն` ավիաընկերությունները նաև որոշ դեպքերում փակում են այդ տեղերը, հետո սկսում են բացել թանկ գներով»:
Ըստ պատգամավորի` եթե նախկինում տոմսը օրինակ` 90 հազար դրամ էր, ապա հիմա հասել է 250-350 հազար դրամի, և սա նաև այն պարագայում, որ թռիչքներն ավելի մեծ թվով են: Մարուքյանը չի բացառում, որ ավիաընկերություններն ընդհանուր համաձայնություն ունեն բարձր գնով վաճառել տոմսերը, քանի որ կա մեծ պահանջարկ:
Ո՞րն է ղարաբաղյան հարցի լուծման վերջնական տարբերակը` ըստ ԼՀԿ-ի
Օգտատերերից մեկը հետաքրքրվում է, թե որն է ղարաբաղյան հարցի լուծման վերջնական տարբերակը` ըստ ԼՀԿ-ի:
«Լուսավոր Հայաստանի» արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի ազգային շահերից բխող արտաքին քաղաքականության վարումն է` հաշվի առնելով այն իրողությունները, որոնք կան: Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, հետևաբար Հայաստանի անվտանգության ապահովման իմաստով դերակատար է ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի Դաշնությունը` որպես ռազմավարական գործընկեր: Միևնույն ժամանակ Հայաստանն ունի ՍԵՊԱ-ի համաձայնագիրը ստորագրված Եվրամիության հետ, այսինքն` մենք ունենք հնարավորություն մեր արտաքին քաղաքական վեկտորն այնպես կազմակերպել, որ առանց վնասելու անվտանգության մեր համագործակցությանը, շատ լավ հարաբերություններ կառուցել ԵՄ, ԱՄՆ-ի, հարևան Իրանի և Չինաստանի հետ», - ասաց խմբակցության ղեկավարը:
Նա վստահ է` Հայաստանը կարող է ունենալ և ունեցել է խորը համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ դեռ 3 տարի առաջ. «Տպավորություն կա ստեղծված, որ Հայաստանը կարող է զենք գնել միայն մեկ աղբյուրից, դա էլ է իրականությանը չհապատասխանող, մենք գնել ենք այլ աղբյուրներից զենքեր և կարող ենք գնել»:
Էդմոն Մարուքյանը` «Լավրովի պլանի» մասին
Մեկ այլ օգտատեր հարցնում է, թե ինչպես են վերաբերվում «Լավրովի պլանին», և եթե լինեին իշխանության, կընդունեին այն:
Մարուքյանն ասում է, որ ցանկացած իշխանություն, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը իր ռազմաքաղաքական թիմով պետք է գնահատեր, օրինակ, եթե լինի պատերազմ, մենք կարո՞ղ էինք այդ պատերազմը հաղթել, եթե ոչ, ապա որն է ամենալավ տարբերակը, որ մենք կարող ենք իմպլեմենտացնել. «Հիմա ըստ էության, պատերազմի արդյունքում Հայաստանում իմպլեմենտացվել է «Լավրովի պլան» + ավելի վատ տարբերակ, մինչդեռ փաստորեն պարզվում է, որ եթե ժամանակին մենք ունենայինք այդ գիտակցությունը, մենք կարող էինք ունենալ շատ ավելի լավ լուծում, քան այսօրվա լուծումը: Հետևաբար, եթե մենք լինեինք իշխանություն, մենք կունենայինք այդ գիտակցումը այդ խնդիրը լուծելու համար: Ժողովրդի հետ պետք էր անկեղծ խոսել, պետք էր ասել` ժողովուրդ ջան, մենք այսքան տարի ապրել ենք միֆերով»: Ըստ նրա` պետք էր ժողովրդի հետ քննարկել` կարո՞ղ ենք գնալ խաղաղ լուծումների, պատրաստել խաղաղ լուծմանը:
Ի՞նչ են խոսել վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ
Մի խումբ օգտատերեր հարցնում են` այդ ամեն ինչը Մարուքյանը չի՞ ասել արդյոք վարչապետ Փաշինյանին պատերազմի օրերին կայացած հանդիպումների ժամանակ, արդյոք պատերազմը կանգնեցնելու առաջարկ արե՞լ են:
«Իրականությունը հետևյալն է` մինչև պատերազմի օրը, բոլոր հանդիպումների օրը, մեզ միշտ ասվել է, որ ամեն ինչ լավ է ընթանում, բանակցությունները վարում ենք, կոնցեպտն ուզում ենք փոխել բանակցային և այնպես ենք անելու, որ ավելի մեծ շահեկան լուծումների գանք, քան այն, ինչ մինչև այսօր բանակցվել է: Դրանից զատ, պաշտպանական քաղաքականության հետ կապված, երբ որ մենք Տոնոյանին հրավիրել ենք, հարցրել ենք` մենք ինֆորմացիա ունենք, որ ՍՈՒ-երի գնումը սխալ գնում է եղել, խնդիրներ կան, ռակետները չկան, ինքը մեզ պատմում է ՍՈՒ-երի հնարավորությունների մասին, չի ասում, որ չկան այդ հնարավորությունները, որ մասնագետը չկա: Ուղիղ մեզ ասվել է, որ ամեն ինչ կարգին է, ՍՈՒ-երը օգտագործվելու են: Եվ այդ ֆոնի վրա սկսվում է պատերազմ, հայտարարվում է զորահավաք, վարչապետը գալիս է խորհրդարան ու խոսում է պարտությունից: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, եթե ոչ, պետք է ասեր` երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ես, գործդ արա, առաջնորդի մեզ: Փակ հանդիպում է եղել հոկտեմբերի 11-ին, այդ ժամանակ գոնե կոնկրետ ես ասել եմ` պարոն վարչապետ, չե՞ք քննարկում արդյոք զանգել Վլադիմիր Պուտինին և բանակցել պատերազմը կանգնացնելու տարբերակ»: Մարուքյանի խոսքով` Փաշինյանն ասել է, որ կարող է զանգել, բայց Պուտինն էլ այդ դեպքում ասելու էր Ալիևին, որ ինչի համար նա կռվում է, հայկական կողմը պատրաստ է խաղաղ լուծումը տալ: Այդ ժամանակ, Մարուքյանի ներկայացմամբ, վարչապետն ասել է, որ պլանը պայքարելն է, որ «Սարդարապատ է, բոլորս պետք է գնանք»:
«Հաջորդ հանդիպումը լինում է հոկտեմբերի 19-ին, այդտեղ քննարկվում է, որ «Լավրովի պլանը» եկեք իրականացնենք, բայց հետո պարզվում է, որ վարչապետն ասել է` մենք ok ենք, բայց Ալիևն ասում է` Շուշին էլ պետք է տաք: Հետո պարզվում է, որ Ալիևը ոչ թե ասում է` Շուշին էլ պետք է տաք, այլ ասում է, որ Շուշի պետք է վերադառնան նաև փախստականները: Այստեղ է բանավեճը, որ հոկտեմբերի 19-ին կռիվը կարող էր կանգնեցվել, գոնե 19-ին եղել է ռեալ հնարավորություն` կռիվը կանգնեցնելու», շարունակում է պատգամավորը:
Դատական համակարգի մասին
Հարցին, թե համարո՞ւմ է, որ դատական համակագը դեմ է դուրս եկել կառավարությանը, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ դատական համակարգը պետք է հակակաշռի իշխանություններին, չի կարող օրենսդիր կամ գործադիր իշխանության դուդուկի տակ պարել. «Հետևաբար եթե նկատի ունեն, որ ապօրինի մարդկանց ձերբակալում են, և դատարանները բաց են թողնում, ուրեմն դատարաններն իրենց առաքելությունը կատարում են, եթե նկատի ունեն, որ դատարանը հանցագործներին բաց է թողնում, այո, այդ դատական համակարգում այդ դեպքում խնդիր կա»: Լուծումը ըստ ԼՀԿ խմբակցության ղեկավարի` վեթթինգն է, որը չիրականացավ:
Շուշին հայկական քաղաք է. Մարուքյան
«Շուշին հայկական քաղաք է, այդ թվում` Ադրբեջանում էլ են ընդունում, որ Շուշին հայկական քաղաք է», - ի պատասխան հարցերից մեկին` ասաց բանախոսը:
«Քանի դեռ ես չունենամ փաստեր առ այն, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, չեմ կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»
Հարցին, թե ներկայումս շատերը Փաշինյանին ու իր թիմին անվանում են դավաճաններ,ինքը` Մարուքյանը, իր նախկին դաշնակիցների մարդկային որակներն իմանալով, ի՞նչ է կարծում` ունա՞կ է դավաճանության գործող վարչապետը, պատգամավորը արձագանքեց. «Քանի դեռ ես չունենամ փաստեր առ այն, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, չեմ կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կարող եմ ասել, որ նա անկազմակերպ, անհեռատես, ոչ կոմպետենտ գերագույն գլխավոր հրամանատար է, բայց որ դավաճան է, թե դավաճան չէ, այ դրա համար պետք է իմ ասած քննությունը իրականացվի: Եթե կպարզվի, որ դավաճան է, այդ բոլոր մարդկային որակներով, ինչի մասին խոսում եք, եթե այդ մարդկային որակները, սկզբունքները չլինեին, ոչ մենք կլինեինք ժամանակին դաշինքի գործընկերներ, ոչ էլ դուք` որպես ժողովուրդ, 73 տոկոս ձայն կտայիք Փաշինյանին, հետևաբար այն, ինչի մասին խոսվում է, օրը կգա, բարին հետը, ես հույս ունեմ, որ կքննվի, և կպարզվի` կա դավաճանություն, թե չկա, թե ուղղակի բազմաթիվ պրոբլեմների խուրձ է, որը եկել և մի տեղ դուրս է գցել, որը դարձել է երկրորդ արցախյան պատերազմը»: