Ի պատասխան «Ազատության» հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր են նախատեսված ընթացիկ տարում, նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ասաց․ - «Գրականության ոլորտը բավականին հարուստ է լինելու այս տարի՝ եթե Քովիդ-19-ի համաճարակը և այլ արտակարգ պայմաններ և իրավիճակներ չխանգարեն նախարարության գործունեությանը և ծրագրերի իրականացմանը։ Այսօր արդեն նախարարության պաշտոնական կայքում հրապարակվելու է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2021 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական անձանց ցանկը։ Ի դեպ, նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին նախարարությունը համապատասխան հայտարարություն էր տարածել, որով թարգմանիչները, գրողները և գրաքննադատները կարող էին անհատապես կամ խմբով ներկայացնել իրենց նախագծերը մեկամյա գործունեության պլանով, որի համար մինչև մեկ միլիոն դրամ դրամաշնորհ պետք է ստանային։ Մասնագիտական խորհուրդը արդեն արդյունքները ամփոփել է, և այսօր արդյունքները կլինեն։ 2021 թվականին շարունակվելու է աջակցությունը նաև ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող լրատվամիջոցներին, գրական ու մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներին, որոնց գործունեությունը պարզապես կդադարի, եթե չլինի նախարարության այդ փոքրիկ նեցուկը»։
Իհարկե, անցյալ տարի համավարակի և պատերազմի պատճառով որոշ ծրագրեր չիրականացվեցին, բայց Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ այս տարի Հայաստանը, հայ գիրքը ներկայացված կլինի Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառներում, որտեղ մասնակցության համար արդեն որոշակի մշակութային ծրագրեր են մշակվել։ Համավարակի պատճառով չկարողացան միջազգային մի շարք այլ տոնավաճառների, ինչպես նաև չկարողացան իրագործել նախատեսված այլ ծրագրեր:
«Նախորդ տարի մի կարևոր ծրագիր ևս կանգ առավ համաճարակի պատճառով։ Խոսքը 50 հազար գրքի մասին է, որոնք նախարարությունը տրամադրել էր 1336 դպրոցի գրադարանների։ Աշխատանքը համակարգվում է մարզպետարանների հետ, այսօր էլ շարունակվում է, և կարծում են, որ առաջիկայում ավարտին կհասցնենք»։
Ինչ վերաբերում է նախկինում գործող մի ուշագրավ ծրագրի, որի շրջանակում հրատարակչությունները որոշակի ֆինանսավորում էին ստանում նախարարությունից՝ հայ ժամանակակից գրականություն տպագրելու համար, ապա այն փոխվել է դեռ երեք տարի առաջ․ - «Գրականություն հրատարակողներին աջակցությունը վերջին երեք տարում արդեն չկա: Որովհետև նախարարության ֆինանսավորումը հրատարակչական-տպագրական փուլից տեղափոխվել է ստեղծագործական փուլ։ Այսինքն՝ եթե նախկինում նախարարությունը աջակցում էր հրատարակչություններին հայ ժամանակակից գրականություն, գիտահանրամատչելի գրականություն, ալբոմային գրականություն հրատարակելու համար, ապա այժմ ֆինանսավորումը ուղիղ տրվում է թարգմանիչներին, հետազոտողներին և գրողներին՝ հանրօգուտ աշխատանքներ ստեղծելու համար։ Այսինքն՝ դրանք պիտի լինեն մնայուն, մեծ ուսումնասիրություն պահանջող աշխատանքներ, ծավալուն հետազոտություններ, որոնք հնարավոր չի լինի իրականացնել, եթե նախարարության այդ դրամաշնորհը չլինի։ Բազմաթիվ գրքեր արդեն հրատարակվել են։ Նախարարությունը ստացել էր ընդհանուր 70 հայտ, որոնց թվում թարգմանիչներ, գրաքննադատներ և գրողներ, աջակցություն է ստանալու 19 հայտ։ Բազմաթիվ ծրագրեր կրճատվել են՝ պայմանավորված և՛ ֆինանսական միջոցների սղությամբ, և՛ արտակարգ դրությամբ, կարանտինով, համաճարակային իրավիճակով։ Իհարկե նաև պատերազմական իրավիճակից հետո նաև ճգնաժամ եղավ, ինչը տրամաբանական էր։ Բայց հույս ունենք, որ այդ ամենը շուտ կհաղթահարենք, և 2022 թվականի բյուջեն արդեն գոնե չի զիջի 2019 թվականի բյուջեին»։