«Իմ քայլը» ամբարտավան ձևով տապալում է բոլոր քննարկումները խորհրդարանում և մարդկանց մղում դաժան քայլերի, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիմա արտահերթ ընտրություններ կազմակերպել չի կարելի, ասաց Մարուքյանը՝ շարունակելով՝ այն անհանդուրժողականության մթնոլորտ, որ կա այսօր Հայաստանում կարող է բերել դաժանությունների, վայրագությունների։
«Այդ դաժանությունը, վայրագությունը կարող են տեղի ունենալ տեղամասերում և տեղամասերի առջև։ Քանի էս վիճակը չի լուծվել, արտահերթ ընտրությունները վտանգավոր են, բայց, կրկնում եմ՝ եթե մեկը մեզ կտանի արտահերթ ընտրության, մենք գնալու ենք այդ ընտրություններին», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Ամեն մարդ իր վարքով, իր օրինակով պետք է ցույց տա, թե ինչպիսին է պետք լինել, ըստ իրեն։ Հիմա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր անդամները, մեր թիմը, ես, մեր պատգամավորները, մենք բոլորս մեր վարքով ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է մնալ սահմանադրական համատեքստում և սահմանադրական գործիքակազմի շրջանակներում։ Եվ նաև դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր դուրս են գալիս ու փորձում են դուրս գալ էդ տարածքից։ Էդ առումով մենք մեր անելիքն անում ենք։ Այսինքն՝ բոլոր տեսակի խողովակներով մենք բոլոր պրոցեսները բերում ենք խորհրդարան, բայց մենք չենք մեղավոր, որ «Իմ քայլը» դաշինքն՝ ամբարտավան ձևով տապալում է բոլոր այդ քննարկումները խորհրդարանում։ Երբ որ իրենք տապալում են կոնվենցիոնալ, դասական խողովակները, իրենք մարդկանց մղում են այդ դաժան քայլերին»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը թվարկում է՝ իշխող խմբակցությունը նախ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, ապա ստեղծված իրավիճակից դուրս գալու «Լուսավոր»-ի ճանապարհային քարտեզի քննարկումները մերժեց։
«Դրանք կոնվենցիոնալ խորհրդարանական մեխանիզմներ են, ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» բերում խորհրդարան, որ դրսում մարդիկ իրար չտան, սպանեն, որ ամեն ինչ տեղի ունենա սահմանադրական տրամաբանության մեջ, բայց իշխանությունը դուրս է այդ տրամաբանությունից։ Իշխանությունն ամեն տեղ բլոկ է անում այդ քննարկումները և վերջում մնում են սպառնալիքները դաժան հաշվեհարդարի մասին իրար ուղղված հայհոյախառն ելույթներ և վերջում էլ, այո՛, կարող են լինել բռնություններ, ինչ ասես կարող են լինել։ Հիմա մենք մեր ունեցած ռեսուրսներով այդ ամեն ինչն անում ենք, բայց պետք է կողմն ադեկվատ լինի չէ՞, եթե կողմն ադեկվատ չի, ամեն ինչ փակում է, բլոկադայի է ենթարկում, ո՞նց է ուզում, որ լինի առողջ քննարկում, ո՞նց է ուզում, որ մարդիկ էդ իրենց հռետորաբանությունից հրաժարվեն։ Էդ հռետորաբանությունը շարունակելու է զարգանալ, քանի դեռ չկա ադեկվատ իշխանություն և իշխանությունն՝ իր ամբարտավան լինելով հանդերձ», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Մարուքյանն իշխանություններին ադեկվատության կոչ է անում՝ նշելով՝ իշխանությունից կառչելն ու ամեն ինչ ապականելը չի կարծում, թե լավ ճանապարհ է, որ իշխանությունները գնում են ու շարունակում են գնալ։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 31-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․