Կաշառք պահանջելու համար մեղադրվող սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացրեց։
2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։
Փաստաբան Սահակյանն իր խոսքում ասաց. «Ինչն է ուշագրավ, 4 վկաներից 2-ին, որ պարոն Լոռեցյանը չի ճանաչել, ճանաչում են մյուս ամբաստանյալները։ Եթե հավասարության սկզբունքն ենք ուզում հասկանալ մյուս երկու ամբաստանյալները գտնվում են ազատության մեջ և վկաներից մեկը, որը կարևոր վկա է, հանդիսանում է Հրաչիկ Քանանյանի անմիջական աշխատակիցը, երկրորդ վկան հանդիսանում է մյուս ամբաստանյալի՝ Էդուարդ Հովհաննիսյանի ընկերը, այսինքն՝ այդ վկաներին ավելի շատ ճանաչում են այն ամբաստանյալները, որոնք գտնվում են ազատության մեջ, իհարկե, շատ լավ է, որ գտնվում են ազատության մեջ։ Այդ վկաներին ընդհանրապես չճանաչելով հանդերձ՝ պարոն Լոռեցյանը գտնվում է անազատության մեջ։ Ինչ վերաբերում է գործի քննությունից խուսափելուն, գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, որով կփաստվի, որ ազատության մեջ մնալով Լոռեցյանը կխուսափի քննությունից», - շարունակելով, փաստաբանն ասաց, - «Գևորգ Լոռեցյանը գործով որևէ մեկի նկատմամբ չի կարող պարզապես ապօրինի ազդեցություն ունենալ, որովհետև հիմնականում չի ճանաչում այն վկաներին, որոնց շատ լավ ճանաչում են ազատության մեջ գտնվող ամբաստանյալները, և գործից խուսափելու համար որևէ նյութ առկա չէ»։
Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն էլ հայտարարեց՝ ներկայացված միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման, ասաց՝ նույնաբովանդակ միջնորդություն է և նախորդ դատական նիստերում ներկայացվել ու մերժվել է. «Պաշտպանության կողմի կարծիքով՝ փոխնախարարի անձը բնութագրող և նրա հնարավորությունները բնութագրող հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունը դրվում է համեմատականի մեջ նույն նախարարության վարորդի անձը բնութագրող ու արարքի հանրային վտանգավորությունը բնութագրող հատկանիշների հե՞տ։ Չի կարող փոխնախարարի ու վարորդի միջև էդ տեսանկյունից համեմատականներ անցկացվի հեղինակության, ազդեցության գործադրման տեսանկյունից, հնարավորությունների տեսանկյունից՝ խոչընդոտելու հետ կապված»։
Պաշտպանական կողմը, սակայն հակադարձեց, ներկայացնելով, թե քանի հանգամանք է փոխվել դատավորի՝ նախկինում կայացրած որոշումներում, ասաց նաև. «Դատախազը, երբ ասում է, որ Էդուարդ Հովհաննիսյանը եղել է վարորդ, Գևորգ Լոռեցյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար, հարգելի դատարան, ես չեմ ուզում, որ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելը լինի անձը բացասականորեն բնութագրող կամ ի վնաս անձի մեկնաբանվող երևույթ»։
Դատարանը խորհրդակցական սենյակից րոպեներ անց վերադարձավ որոշումով՝ մերժել միջնորդությունը։
Գևորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այսօր լրագրողների հետ զրույցում դատարանում հայտարարեց ինքը՝ Լոռեցյանը։