45 օրվա ժամկետային ծառայողը պատերազմը սկսվելուց հետո հայտնվել է Մատաղիսի առաջնագծում, օրեր անց՝ հոգեկան խանգարում ստացել։
Տղայի մայրը պատմում է՝ հոկտեմբերի 9-ից արդեն որդին իր նման չէր, զանգում էին՝ խոսել չէր կարողանում, կակազում էր, առաջնագծից մի անգամ հոսպիտալ են տարել ու էլի վերադարձրել. «Մի հատ սրսկում են արել, էդ վիճակում անտառում բերել մեն-մեկնակ բաց են թողել»:
Մի կամավոր է անտառում պտտվող տղային տեսել ու ուղեկցել ծառայակիցների մոտ։ Հոկտեմբերի 16-ին տղան ավելի ծանր վիճակում տեղափոխվել է Երևան՝ Կանազի զինվորական կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք։ «Ես, որ իմ երեխային տեսա, կարելի է ասել, իմ երեխան չէր: Հայացքին, որ նայում էի, ոնց որ մի ապուշի հայացք նայեր երեսիս», - պատմեց մայրը:
Երկարատև բուժումից հետո տղան զորացրվել է, ծառայության վերադառնալ այլևս չի կարող։ Այժմ ընտանիքը սպասում է վերջնական ախտորոշմանը, Կանազի հոսպիտալից հետո վարկ են վերցրել ու իրենց միջոցներով մի շարք հետազոտություններ արել: «Ոչինչ չեմ խնայի որդուս առողջությունը վերականգնելու համար», - ասում է մայրը:
Տղան այժմ հոգեբույժի մասնավոր վճարովի ծառայությունից է օգտվում, փոփոխություն կա, մայրը հույսով է: Հոգեբուժական ծառայությունները Հայաստանում անվճար են հռչակված՝ արդեն զորացրված տղան կարող է քաղաքացիական բուժհաստատություններից օգտվել, սակայն շատերն այդ հիվանդանոցները փորձում են շրջանցել՝ պայմանների պատճառով։
Մեկ այլ ժամկետային զինծառայողի ծնողը դեռ սպասում էր՝ ինչ կորոշի հանձնաժողովը, որդին ի վիճակի՞ է շարունակել ծառայությունը. «Իրան գոնե մի երկու ամիս ժամանակ է պետք, որ անցնի, այդ ձևով ծառայելը եսի՞մ»:
Հոգեբանական տարբեր խանգարումներ կարող են ունենալ պատերազմական տրավմաներով անցած մարդկանց 40-60 տոկոսը, տարբեր գիտական ուսումնասիրություններն է վկայակոչում Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։
«Գործ ունենք երիտասարդ մի սերնդի հետ, ովքեր բազմակի տրավմաներ են ապրել իրենց երիտասարդ կյանքի ընթացքում, և սա կարող է խնդրահարույց լինել նախևառաջ նրանց ապագայի համար», - նշեց Գասպարյանը:
Քնի խանգարում, ուտելու սովորույթի փոփոխություն, անսպասելի պոռթկումներ, ըստ մասնագետի, պետք է շատ ուշադիր լինել, եթե մարդը նման նշաններ ունի, և լավ է, ասում է, երբ այդ խնդիրներն արտահայտվում են ու հետո չի դառնում անբուժելի հիվանդություն:
«Չլուծված հոգեբանական կոնֆլիկտը, որը մենք սառեցնում ենք մեր ներսում վերջիվերջո վեր է ածվում կա՛մ մարմնական պաթոլոգիայի, կա՛մ ավելի բարդ հոգեբուժական դեպք է դառնում», - ընդգծեց Խաչատուր Գասպարյանը:
Պետությունը հետպատերազմական այս փուլում պետք է ընդլայնի հոգեկան առողջության ծառայությունները, դրանք նաև մարզեր հասցնի, շեշտում է Խաչատուր Գասպարյանը: Պատերազմի սկզբից ի վեր՝ երբ այս խնդիրն ակնհայտ դարձավ, Հայկական հոգեբուժական ասոցիացիան 23 հոսպիտալ-հիվանդանոցներում անվճար կոնսուլտացիաների շարք սկսեց։ Այժմ էլ ավելի քան տասը կազմակերպություններ պատերազմի մասնակիցներին, զոհերի ընտանիքի անդամներին պատրաստ են հոգեբանական անվճար աջակցություն տրամադրել։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը շեշտում է՝ հոգեբանական այդ խնդիրները պետք է լուծվեն հիմա՝ հետո ուշ է լինելու. «Էս խնդիրները չլուծելու արդյունքում մարդկանց մոտ կարող են առաջանալ տարբեր տեսակի հոգեկան խանգարումներ, որոնց դրսևորումները կլինեն ագրեսիվ վարքը, ինքնասպանությունը, ալկոհոլիզմը և այլն»:
Խորացող խնդիրները կարող են նաև բռնությունների պատճառ դառնալ ու դա ոչ թե մարդուց է, այլ հիվանդությունից, շեշտում է հոգեբույժ Սողոյանը: Այժմ Սռողջապահության նախարարության հետ քննարկում են գործողությունների հնարավոր ծրագիրը։ Այս գերատեսչությունից մեզ որևէ տեղեկություն չտրամադրեցին։
Պատերազմի հենց առաջին օրերից Պաշտպանության նախարարությունը հետտրավմատիկ վերականգնողական նոր ստորաբաժանում բացեց: «Նկատեցինք, որ մարտական հոգեկան տրավմաները նորմայից շատ են», - ասում է Դիլիջանում գործող այդ կենտրոնի համակարգող, բուժծառայության փոխգնդապետ Տիգրան Թունյանը:
«90 տոկոսից ավելին լիարժեք բուժվելով շարք են վերադառնում, 2,5 ամիս առաջվա մեր կողմից բուժված, օգնություն ստացած հիվանդները ծառայության այս ընթացքում կարիք չեն ունեցել դիմել մեզ, դա համարում ենք ամենամեծ ցուցանիշը», - ասաց Թունյանը:
Այստեղ ծանր հոգեկան խանգարումներով զինվորներ չկան, ավելի շատ սուր սթրեսային դեպքեր են, շեշտում է Տիգրան Թունյանը: 150 մահճակալ ունեն՝ այս առումով հոգեբանական մյուս ծառայություններից, որ ամբուլատոր են սպասարկում, տարբերվում են. «Ե՛վ դիտարկումն է շատ ավելի օբյեկտիվ լինում, ամեն օր մեր աչքի առաջ են»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ է կարծում, որ հոգեկան առողջությանն ուղղված ծառայությունների մեծացման կարիք կա։
Տագնապ, քնի խանգարում, կակազել ու շատ տարածված՝ պատերազմական օրերի ծանր վերհուշը, որի աղմուկը պատերազմից հետո էլ չի լռում զինվորների գլխում, մասնագետները շեշտում են՝ ճիշտ ու չուշացած բուժման դեպքում շատ հաճախ հնարավոր է հաղթահարել խնդիրը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը, որ զինվորներից բացի նաև ընտանիքների հետ է աշխատում, ասում է ամենադժվարը աշխատանքը անհայտ կորածների ընտանիքների հետ է:
«Անորոշ վիշտը երբեք չի ավարտվում, մարդը կարող է իր հետ տանել մինչև իր կյանքի վերջ», - ասաց հոգեբանը՝ նշելով՝ վշտի ամենածանր տեսակն է, այն չի ավարտվում ու նույնիսկ փոխանցվում է ժառանգներին: