Կառավարության մոտ այսօր էլ բողոքի ակցիա էին անում Քաշաթաղի՝ Լաչինի շրջանի տեղահանված բնակիչները։
Նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ բնակավայրից ու ունեցվածքից զրկված քաշաթաղցիները կառավարությունից փոխհատուցում են պահանջում։ Գոնե տանիքով ապահովեն՝ ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ տուն։
«Մեկ գիշերում զրկվել ենք տասնամյակներով ստեղծած ունեցվածքից։ Ո՞վ պետք է պատասխան տա», - հարցնում էին 26 տարի առաջ Քաշաթաղում բնակություն հաստատած մարդիկ։
«Մեզ մեր գույքն է պետք, մենք մեր տները թողել ենք, եկել ենք հասել ենք այստեղ, հիմա այս անտեր վիճակի մեջ ենք: Հիմա մեր վիճակը շատ վատ է», - ասաց հավաքվածներից մեկը:
Արցախից տեղահանված բնակիչներն ասում են՝ սեփական ջանքերով, ծանոթով ու բարեկամով են տեղավորվել Հայաստանի տարբեր համայնքներում, որտեղ հնարավոր է մատչելի վարձով տուն գտնել։ Կառավարության տված սոցիալական աջակցությունից՝ միանվագ 300 հազար դրամից, մակարոնից ու բրնձից շնորհակալ են, բայց դրանով տան հարց չես լուծի։ «Մինչև ե՞րբ տնից տուն տեղափոխվենք, մանկահասակ երեխաների ձեռքը բռնած դռներ թակենք», - դժգոհում էին քաշաթաղցիները։
Քաշաթաղցիներին պարտաճանաչ հիշում են միայն բանկերից։ Ապառիկների ու վարկերի վճարման պարտավորության, տույժ ու տուգանքների մասին հիշեցնող զանգերն ու նամակները չեն դադարում։ Ինչով ու ինչի համար վճարեն։ Այդ գույքն արդեն ադրբեջանական յութուբյան ալիքների սեփականությունն է դարձել։ «Էսօր թուրքը Youtube-ով մեզ ձեռք է առնում, թե ոնց է իմ տունը ջարդում, հիմա իմ մոտ էդ նկարահանումը կան, որ իմ տունը ջարդում է», - ասաց նրանցից մեկը:
Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնվեց դեկտեմբերի 1-ին։ 54 համայնքից հայկական կողմին է մնացել երեքը՝ Բերձորը, Աղավնոն, Սուսը։ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը ցուցարարներին առաջարկում էր վերադառնալ Արցախի տարբեր համայնքներ բնակության, տներով ու հողամասով էլ կապահովեն, իսկ Հայաստանում դա տարիների հարց է։ «Փոխհատուցման բոլոր ծրագրերն այս պահին առաջնահերթ գործում են Արցախի տարածքում», - նշեց Ալավերդյանը:
Ոչ բոլորն են համաձայնում վերադառնալ, անվտանգության հարցում վստահ չեն։
Արցախի տեղահանված բնակիչներին կառավարությունում ընդունեց վարչապետի օգնականը։ Հայկազյան, Ալաշկերտ համայնքների ղեկավարները նրա հետ հանդիպումից հետո հայտնեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կզբաղվի քաշաթաղցիների հարցերով։ Խոստացել են չորեքշաբթի բնակիչների հետ հարցը քննարկել. «Մեզ կընդունեն, կքննարկեն մեր հարցերը, կփորձեն լուծել մեր խնդիրները»: