Մատչելիության հղումներ

Եռաբլուր. «Այստեղ պարտվածներ չկան»


«Այստեղ պարտվածներ չկան», - ասում է գնդացրորդ Ժորա Սահակյանի հայրը։ Շուրջը՝ եռագույնների ներքո հարյուրավոր ժպտացող շիրմաքարեր են, շատ երիտասարդ դեմքեր ու նրանց մեջ որդին, որ երեկ կարող էր նշել 20-ամյակը՝ տոնական խնջույքով, բայց նրա տորթը «Եռաբլուր»-ում է։

«Էս բոլորը, որ կան այստեղ, ամեն մեկն անհատական հերոսներ են​: Թող բոլորը ճիշտ հասկանան՝ մեր զինվորները չեն պարտվել, պարտվել են էն մարդիկ, ովքեր գիտեն, ես պարզ ասեմ՝ իշխանություններ ու բարձրաստիճան էն մարդիկ, ովքեր պիտի էս օրին չհասցնեին բանակը», - ասաց Վահիդ Սահակյանը:

Տորթի վրա փորձել են տարբեր քաղցր զինատեսակներ պատկերել: «Իսկ պատերազմում մեր երեխաները հրթիռների դեմ անզոր էին, հո ձեռքով չէին բռնելու այդ մահաբեր կրակը», - հայրը պատասխանատուների է փնտրում: «Ով որ մեղավոր է այս ամեն ինչի մեջ, նրանք պետք է պատժվեն, այսօր ոչ մեկի անուն չեն տալիս, այսօր ոչ մի նախարարի, բարձրաստիճան սպայի անուն չեն տալիս՝ այս հարցում ինքը մեղավոր է, թե մեղավոր չէ», - նշեց Սահակյանը:​

Երկու օրից, հունվարի 30-ին շարքային Մաջարյանը պետք է զորացրվեր՝ տուն վերադառնար, ավանդական ծաղկեփնջով: «Հիմա որդուս տունը «Եռաբլուրն» է», - ասում է մայրը, ինքն է ծաղիկներով գալու. «Էդ ծաղկի բուկետով ու էդ տորթով ես պիտի գամ, բայց այս անգամ ոչ թե տորթի վրա գրված կլինի՝ դու վերադարձար, այլ գրված կլինի՝ դու չվերադարձար, զինվորս»:

Մայրն ասում է՝ հիմա միայն ապրելու մի նպատակ ունի՝ փոքր որդուն մեծացնել այնպես, ինչպես ավագն էր ուզում. «Ինքը միշտ ասում էր՝ մամ, Ռաֆը պիտի լավ ապրի, Ռաֆը պիտի լավ տղա դառնա, իսկ տղան պիտի ծառայի, որ տղամարդ դառնա»:

Կողքի շիրիմին 28-ամյա Հարություն Սեմերջյանի չխաղաղվող հայրն է՝ որդուն հոկտեմբերի 16-ին տարան ու մի քանի օրից զանգեցին ուրիշները: «Չգիտենք էլ տղաս տեղ հասել է, թե ոչ», - մղկտում է մայրը։

Շարքային Աշոտը զոհվեց պատերազմի հենց հաջորդ օրը, տատիկը լսել է՝ մինչև այդ թոռը վիրավոր ոտքով 4 ծառայակիցների կյանք է փրկել: Արտասվում է բոլորի համար:

«Շատ լավ է ծառայել, քաջ, անվախ: Բոլորն էլ անվախ են եղել, այս երիտասարդները բոլորն էլ արժանի են գովեստի: Բոլորն էլ մերն են, մենակ սա չի, որ իմ թոռն ա, «Եռաբլուր»-ում բոլորն իմ թոռներն են, բոլորի համար լաց եմ լինում», - ասաց Շողիկ Ալեքսանյանը:

Մի քանի ամսվա ծառայող էր Միքայել Մկրտչյանը, հետախուզական վաշտի շարքայինը կորավ Հադրութի անտառներում: «Վիրավորներին հանել են, մտել են, որ մյուսներին էլ հանեն, էլ հետ չեն եկել, Նոր տարուն՝ ամսի 2-ին նոր լուրը ստացանք, որ գտել են, թե որտեղ է»​, - պատմեց հորաքույրը:

Սամվել Հայրապետյանի հարազատներն այսօր հրաժեշտի են եկել, մեկնում են տուն՝ Ռոստով, քույրն ասում է՝ Սամվելը Հայաստան էր եկել ծառայելու հայրենիքին, ուրախությամբ էր եկել, սիրով էր ծառայում:

19-ամյա Արթուր Սուքիասյանի մարմինը ծնողներին հանձնեցին հենց նրա ծննդյան օրը, հայրը միայն մի սփոփանք ունի՝ ծնողների հետ անընդհատ հայրենասիրությունից խոսող ու Կարմիր Շուկայի մոտակայքում մարտի բռնված որդին պարտության մասին չիմացավ. «Միակ բանը, որ սփոփում է ինձ, որ ինքը իր գիտակցելով, իր իմանալով կռում էր հաղթական բանակում, մենակ էդ ա ինձ սփոփում»:​

«Ես պիտի զոհվեի», - անընդհատ կրկնում է շարքային Մարտիրոսյանի հայրը: Մինուճար որդուն կորցնելուց հետո Գրիմա Մարտիրոսյանը, որ զինվորական էր, այլևս ծառայել չի կարողանում, «մեջքս կոտրված ա է», - ասաց նա։

Այս պատերազմում զոհված զինվորների վերջնական թիվ առայժմ չկա։ Պաշտպանության բանակը հրապարակել է 2035 անուն անզգանուն: բայց շուրջ 3500 զինծառայողի մարմին է փորձաքննության ենթարկվել, ծնողների մի մեծ խումբ դեռ սպասում է ԴՆԹ պատասխաններին, իսկ «Եռաբլուր»-ում շիրիմները շարունակում են ավելանալ։

Այսօր և ամեն օր տղաներն այցելուներ ունեն։

Վահե Սիմոնյանը զինակիցների հետ «Եռաբլուր» էր եկել Վարդենիսի զորամասից՝ շրջում էին հարյուրավոր անունների միջով: «Հետոն մեր սրտով կլինի», - հավատացնում է սերժանտ Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG