Գաղտնիք չէ, որ ճակատագրի բերումով արտերկրում բնակություն հաստատած մեր բազմաթիվ արվեստագետներն ապրում են մեր երկրի ու ժողովրդի ցավերով ու հոգսերով՝ փորձելով փոքր-ինչ աջակից լինել հայրենիքում գտնվող կարիքավոր բազմաթիվ մարդկանց: Այսպիսի արվեստագետներից է արդեն 20 տարի Ֆրանսիայում բնակություն հաստատած, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների արժանացած և եվրոպական լավագույն բեմերում հանդես եկող օպերային անվանի երգիչ, տենոր Ադամ Բարրոն:
Այս օրերին նա կրկին Հայաստանում է: Գրականության և արվեստի թանգարանում նա համերգ էր կազմակերպել՝ աջակցելու պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորներին:
«Այո, մենք պետք է գոտեպնդվենք, մենք պետք է մեր հայորդիների կողքին լինենք, թև ու թիկունք լինենք․․․ Քանի դեռ շնչում ենք, մենք չենք կարող մոռանալ այս ցավը, բայց գոնե թեթևացնենք, կարողանանք ամոքենք վերքերը իրենց, որ իրենք զգան, որ մենք իրենց թիկունքում ենք։ Չեմ կարծում, որ կարողանանք անել շատ, որովհետև ես ինքս իմ փորձից գիտեմ, որ կյանքում երբ տառապանք ես ունենում, ինքդ պետք է լինես քո հոգեբանը։ Ինչքան էլ կողքից հոգեբանը քեզ ասի, դու էլ պետք է կարողանաս ուժ գտնես։ Իմ ուժը Տերն է եղել, ես պարզապես, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, որպես քրիստոնյա, զգացել եմ, որ Տիրոջ օրհնությամբ է, որ ես շարունակել եմ իմ կյանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարրոն։
Ծնունդով գյումրեցի, երկրաշարժի ժամանակ ծնողներին կորցրած և եղբոր հետ որբացած Մուրադ Ամիրխանյանը՝ այսօր արդեն 46-ամյա հայտնի տենոր Ադամ Բարրոն շեշտում էր նաև, որ ցանկացած պարագայում մարդ կարող է վերգտնել ապրելու ցանկությունը, եթե շրջապատում իրոք կարեկից աջակիցներ լինեն:
Հարցին, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել զինվորների համար, երգիչը պատասխանեց․ - «Այսօրվա դրությամբ ես կարողացել եմ անել այն, որ փորձել եմ իրենց մատից մի փուշ հանել՝ դրամական տեսքով։ Այսինքն՝ ծրարներ եմ հատուկ պատրաստել, որ տամ իրենց։ Հենց հիմա տվեցի և մնացած ծրարները բացիկներով պատրաստել եմ, որ իրենց տամ։ Համերգներ Փարիզում երգեցի, դա երեխաների համար փոխանցվեց։ Շարունակելու ենք։ Մենք հասկացանք, որ, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ եղունգ ունենք, գլուխներս քորենք։ Այսինքն՝ պետք է հայերս կարողանանք մենք մեզ ապավեն լինենք, մեր ուժերով կարողանանք հաղթահարել»։
«Այս պահի դրությամբ մեզ անհրաժեշտ է համախմբվել, գոտեպնդվել և ոգեշնչել մեր հայորդիներին», - շարունակեց նա։ - «Ես գտնում եմ, որ եթե մենք իրենց մոռանանք, հետո ավելի թանկ կվճարենք»։
Հավելենք նաև, որ 2019 թվականի նոյեմբերին Ադամ Բարրոն Փարիզում թողարկեց «Ավե Մարիա» սկավառակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այստեղ՝ Հայաստանում: Սկավառակում, ի թիվս արևմտաեվրոպական հանրահայտ կոմպոզիտորների Աստվածածնին նվիրված ստեղծագործությունների, Բարրոյի կատարմամբ ներկայացված է նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր, աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին խոնարհ. Տաղ Աստվածածնայ» և երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունները: Հոգևոր երգերի այս հատընտիր հավաքածուն նվիրված էր ապրիլյան պատերազմի հերոսներին: Սկավառակը երգիչը նվիրերեց նաև այս պատերազմի հերոսներին իր կազմակերպած միջոցառման ժամանակ