Դատարանն այսօր որոշեց կալանքի տակ թողնել օգոստոսից Հայաստանում կալանավորված «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։
Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
2018-ի հոկտեմբերին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց 2020-ի օգոստոսին Սարգսյանը Ռուսաստանից արտահանձնվեց Հայաստան և ձերբակալվեց։
Լևոն Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, երեկ առաջին դատական նիստի ժամանակ հայտարարեցին փաստաբանները և խնդրեցին դատավոր Տաթևիկ Գրիգորյանին վերացնել կալանքը կամ էլ գրավ կիրառել։
Մինչդեռ դատախազ Վաչե Ղազարյանը առարկեց և շեշտեց՝ Ռուսաստանում թաքնված Սարգսյանն ազատության մեջ կրկին կփորձի թաքնվել և կխոչընդոտի արդար դատաքննությանը՝ անօրինական ազդեցություն գործելով այս գործով անցնող անձանց վրա։