Մատչելիության հղումներ

Սարգսյանը իրավապահներին պետք էր Մարտի 1-ի գործով ցուցմունքներ տալու համար, հայտարարում է փաստաբանը


Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008-ին ավազակային հարձակման համար մեղադրվող նախկին հանրապետականի պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանն այսօր դատարան չէր եկել։ Կալանավայրից նամակ էր ուղարկել դատարան՝ խնդրելով իր բացակայությամբ անցկացնել առաջին դատական նիստը։

Օգոստոսին Ռուսաստանից արտահանձնված Սարգսյանի առաջին դատական նիստին քննարկվեց նրան կալանքից ազատ արձակելու հարցը։ Լևոն Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, դատարանում հայտարարեցին փաստաբանները և խնդրեցին դատավոր Տաթևիկ Գրիգորյանին վերացնել կալանքը կամ էլ գրավ կիրառել։ Մինչդեռ դատախազ Վաչե Ղազարյանը առարկեց և շեշտեց՝ Ռուսաստանում թաքնված Սարգսյանն ազատության մեջ կրկին կփորձի թաքնվել և կխոչընդոտի արդար դատաքննությանը՝ անօրինական ազդեցություն գործելով այս գործով անցնող անձանց վրա։

Փաստաբաններն իրենց խոսքում հակադարձելով դատախազին՝ տարակուսանք հայտնեցին՝ ո՞ւր պետք է թաքնվի Սարգսյանը, եթե Ռուսաստանում եղած ժամանակ այդ երկիրը մերժել է նրան քաղաքացիություն տալ, իսկ անձնագիրն էլ գտնում է իրավապահների մոտ։ Բացի այդ, ինչպե՞ս կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, եթե նրանք վաղուց տվել են իրենց ցուցմունքները, հարցրեց պաշտպան Դավիթ Կարապետյանը։

«Լևոն Սարգսյանի գործողությունների համակցությունները, որոնք իրենցից ենթադրել են իր գտնվելու վայրը վարույթ իրականացնող մարմնին հայտնի դարձնել, վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտարկվել է որպես թաքնվել: Հարգելի դատարան, այդ հիմքի տակ դրված փաստական տվյալները, որոնքը հարգելի դատախազը ներկայացրեց, կարծում եմ, չեք կարող դնել էդ հիմքի տակ», - նշեց փաստաբանը:

Այս գործով տուժող է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, որը հարցաքննվել է, բայց լրագրողների հետ զրույցում մեղադրյալի մյուս փաստաբանը՝ Աշոտ Սարգսյանը այս մասին այլ տեղեկություններ չփոխանցեց։ Ասաց՝ թավշյա հեղափոխությունից հետո հանկարծ այս գործով դատապարտվածները հիշեցին Լևոն Սարգսյանի մասնակցության մասին։ Ասաց՝ 10 դատապարտվածներից Սարգսյանին ճանաչում են միայն երեքը:

«Իշխանափոխությունից հետո սկսել է նոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ ինչ-որ ապացույցներ ներկայացվել, մինչև այդ 10 դատապարտյալից որևէ մեկը...., Լևոն Սարգսյանի մասին անգամ ակնարկ չի եղել: Դատարանը մանրակրկիտ, երկարաժամկետ քննել է այդ գործը և եկել է այն եզրակացության, որ կազմակերպիչները Արա Կարապետյանը և Արմեն Նիկողոսյանն են, կատարողներն էլ սրանք էին», - ընդգծեց Աշոտ Սարգսյանը:

«Ազատության» հարցին, ի՞նչ կապ ուներ թավշյա հեղափոխությունը այս գործի հետ, փաստաբանը պատասխանեց, որ Սարգսյանը իրավապահներին պետք էր Մարտի 1-ի գործով ցուցմունքներ տալու համար։ Մարտի 1-ի գործով տուժողի փաստաբան Սեդա Սաֆարյանը բազմիցս հայտարարել է, որ Լևոն Սարգսյանն ակտիվ դերակատարում է ունեցել 2008 թվականի արյունալի իրադարձություններում և պետք է առնվազն հարցաքննվի այդ գործով:

«Մենք հարցաքննվել ենք ԱԱԾ-ում, իսկ երկրորդը հարցաքննվել ենք Հատուկ քննչական ծառայությունում և հարցերը ուղղված էին Մարտի 1-ի վերաբերյալ, արդեն բնական է, որ մենք հասկացանք, որ գործը ոչ թե էս է, այլ էս գործի ճնշման տակ Մարտի 1-ի գործով ինչ-որ ցուցմունքներ կորզելը», - նշեց Սարգսյանը:

«Ազատության» հարցին էլ, թե Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի գործով վկա՞ է, փաստաբանը պատասխանեց. «Ոչ: Մենք բնական է մասնակցել ենք առերեսմանը [Արա Կարապետյանի հետ], և մի բան էլ ասեմ, որ զարմանալին այն է, որ այս գործով Արա Կարապետյանի ցուցմունքը համարվում է արժանահավատ և դրա հիման վրա մեղադրանք է առաջադրվել, բայց Մարտի 1-ի գործով էլ Արա Կարապետյանը նույն ձևի, մանրամասն նկարագրել է Լևոն Սարգսյանի գործողությունները՝ զենք բաժանել, չգիտեմ ինչ անել, բայց տեսեք, որ այդ ցուցմունքի հիման վրա Լևոն Սարգսյանին մեղադրանք չեն առաջադրել, որովհետև քրեական գործի մյուս տվյալներով Արա Կարապետյանի ցուցմունքը չի հաստատվում»:

Դատարանը վաղը կհրապարակի իր որոշումը՝ ազատել օգոստոսից Հայաստանում կալանավորված Լևոն Սարգսյանին, թե թողնել ճաղերի հետևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG