Մատչելիության հղումներ

Ըստ նախարարի, պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել Արծվաբերդի, Գորիսի և Կապանի անտառտնտեսությունները


44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգայնորեն արգելված զենքերի մասշտաբային կիրառման հետևանքով՝ շրջակա միջավայրին անդառնալի վնաս է հասցվել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր խոսելով վնասների մասին, ասաց՝ խոսքը մի քանի հազար հեկտար անտառային տարածքների մասին է. «Որից մի քանի հարյուր հեկտարը հանրապետության հյուսիսարևելյան, մասնավորապես, Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում և մնացածը հարավարևելյան Սյունիքի մարզի 2 անտառտնտեսությունների, մասնավորապես, Գորիսի և Կապանի անտառտնտեսությունների տարածքներում։ Արցախի հարավային հատվածներում շատ ավելի լայն մասշտաբներ ենք վկայակոչել, սակայն, ցավոք, այդ տարածքները այս պահին մեր տիրապետման ներքո չեն, մենք հասանելիություն չունենք, ավելի մանրամասն այդտեղի իրավիճակի հետ կապված չենք կարողացել փաստեր ներկայացնել»։

Շուրջ կես տարի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանն այսօրվա ասուլիսին կրկին չհստակեցրեց Ամուլսարի հնարավոր շահագործման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Դեռ նախորդ տարվա օգոստոսին Պետրոսյանը «Ազատության» եթերում ասել էր, որ Ամուլսարի հետ կապված խորքային գնահատականներ տալու համար իրեն ժամանակ է հարկավոր։ Միևնույն ժամանակ հղում անելով այս թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ընդգծել էր. «Եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով: Եթե այդ երաշխիքները չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի»:

«Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որևէ դիտարկում անել և այս փուլում քրեական գործի հանգուցալուծմանը նախորդող այս շրջանում նաև Շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես բոլորիս է հայտնի, տվյալ գործընթացների վրա ուղղակիորեն ազդելու որևէ մանդատ չունի այս պահին՝ բացառությամբ այն դեպքի, երբ քրեական գործի շրջանակներով կամ այլ գործիքակազմով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ ու փաստեր, որոնք, օրինակ, լուրջ իրավական կասկածի տակ կառնեն ՇՄԱԳ փորձաքննության արդյունքները կամ որևէ այլ բնապահպանական գործոն ի հայտ կգա, որը եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն մեր հարուցմամբ կարող ենք ուշադրությունը սևեռել Բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի», - ասաց նախարարը:

Ամուլսար տանող ճանապարհը դեռ 2018-ից Ջերմուկի բնակիչները փակ էին պահում։ Հիմա էլ այն նրանց ուշադրության կենտրոնում է։ Բնակիչներից Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ ոչ մի դեպքում թույլ չեն տալու, որպեսզի այնտեղ որևէ աշխատանք իրականանա։

«Էդ հարցում ակտիվ լինելով՝ ես փորձում եմ հասկանալ՝ հնարավո՞ր է, որ տնտեսական էս նեղ վիճակը մարդկանց մոտ բան փոխած լինի և այլն: Իմ հարցադրումների արդյունքում ես հասկացել եմ, որ բնակչությունը կայացրել է իր որոշումը ու դա անբեկանելի է, համենայնդեպս ես այսպես եմ հասկանում ու ինձ մոտ բան չի փոխվել, ու շրջապատումս էլ տեսնում եմ, որ մարդիկ ունեն հստակ դիրքորոշում, որը կարծում եմ, որ վերջնական է», - նշեց Բունիաթյանը։

Ամուլսարի շահագործման լիցենզիան ստացած «Լիդիան Արմենիան» պնդում է, որ աշխատելու համար իրենք բոլոր անհրաժեշտ օրինական թույլտվություններն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG