Մատչելիության հղումներ

Դատարանը մասնակի բավարարել է Խաչատրյանների պահանջը և Փաշինյանին պարտավորեցրել հերքում հրապարակել խոսնակի ֆեյսբուքյան էջում


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի և որդիների պահանջը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել հերքում հրապարակել խոսնակի ֆեյսբուքյան էջում: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Որոշումը նաև տեղադրված է Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում։

Ըստ որոշման, հերքումը պետք է հրապարակվի ֆեյսբուքյան էջում վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:

«ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում», - նշված է դատարանի որոշման մեջ։

Ներկայացվել էր նաև դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500.000 դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 28-ի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշված է. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը»:

XS
SM
MD
LG