Մատչելիության հղումներ

Փաստաբանները քաղաքական հետապնդում են որակում Վահե Հակոբյանի ներգրավումը պաշտոնեական կեղծիքի, յուրացման հոդվածներով քրեական գործում


Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետարանում Հաշվեքննիչ պալատի իրականացրած  ստուգումները պարզել են, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 2017-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելով՝ աշխատավարձ է ստացել, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննական մարմնում պաշտոնեական կեղծիքի, յուրացման կամ վատման հոդվածներով արդեն քրեական գործ է հարուցվել։ Գործով վկա Սյունիքի նախկին մարզպետն այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե հարմար չէ։ Նրա փաստաբանները քրեական գործը քաղաքական հետապնդում են որակում։

2016-ից 2018 թվականները Սյունիքի մարզը ղեկավարած Վահե Հակոբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իշխանությունների գործունեությունը քննադատելով։ Նա դավաճան է անվանում վարչապետին։

Քննչական կոմիտեից մանրամասնում են, թե ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ աշխատանքի չեն ներկայացել ու աշխատավարձ են ստացել նաև այդ ժամանակ մարզպետ Հակոբյանի երկու օգնականներն ու վարորդը։ Քննչական կոմիտեն սահմանափակվում է այդքանով։

Մինչդեռ Հաշվեքննիչ պալատի 2019-ի տարեկան հաղորդման մեջ որոշ մանրամասներ կան։ Մասնավորպես, հաշվետվության մեջ նշվում է, որ մարզպետարանի և նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակցիներ 2017-ից 2018 թվականներին գտնվել են արտասահանում ու կրկին վարձատրվել, նրանք բոլորը միասին ստացել են ավելի քան 5 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ։

Նախկին մարզպետի փաստաբանն ընդունեց, որ հնարավոր է Վահե Հակոբյանը որոշ ժամանակ չի հաճախել աշխատանքի։ Միևնույն ժամանակ Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, և պարտադիր չէ ամեն օր աշխատանքի ներկայանալը․ - «Այն, որ պարոն Հակոբյանը հնարավոր է և որոշակի ժամանակահատվածում աշխատանքի հաճախած չլինի, չի նշանակում, որ ընդհանուր առմամբ նա չի աշխատում։ Այսինքն՝ նա կարող է գտնվել այլ երկրում, օրինակ՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, որը նույնպես կապված է հենց մարզպետարանի աշխատանքի հետ։ Հետևաբար փաստել այն մասին, որ Վահե Հակոբյանը չի եղել աշխատանքի վայրում, սակայն միևնույն ժամանակ ստացել է աշխատավարձ, և կապել դա հնարավոր յուրացման և վատնման հետ, դա ուղղակի տրամաբանությունից դուրս է»։

Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման համաձայն, մարզպետարանում նաև այլ բացթողումներ են հայտնաբերվել․ բացակայել են հայաստանյան բանկերից մեկին վճարված գումարների քաղվածները, գնումների վերաբերյալ փաստաթղթերը։ Բացի այդ, ըստ Հաշվեքննիչ պալատի, մարզպետարանը 2017-ին չմատուցված ծառայությունների համար «Յուքոմ» ընկերությանը շուրջ 3 միլիոն դրամ է փոխանցել։

Ենթադրյալ չարաշահումները իրավապաշտպան Արթուր Սաքունցը պայմանավորում է մարզպետարաննների նկատմամբ հանրային ու խորհրդարանական վերսկողության բացակայությամբ․ - «Կառավարման համակարգում միջոցների տնօրինման, աշխատանքերի կազմակերպման վիճակը մշտապես եղել է խնդիր, և դա պայմանավորված է հիմնականում, հատկապես մարզային մակարդակում մարզպետարանների, մարզպետների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բացակայությամբ»։

Իրավապաշտպանի խոսքով, այդ ֆոնին ընդհանրապես մեկ մարզպետարանին ու մարզպետին առնչվող քրեական գործի հարուցումը կասկածներ է առաջացնում․ - «Ուղղակի ակամա հարց է առաջ գալիս, թե ինչու հենց նա ընտրվեց։ Ինչո՞ւ ոչ թե, ասենք թե, Լոռու մարզը ընտրվեց կամ Շիրակի մարզը»։

Սյունիքի նախկին մարզպետին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրվել դեկտեմբերի 14-ին, սական նրա խնդրանքով այն հետաձգվել է՝ մինչև հունվարի 29-ը։ Վահե Հակոբյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, կուսակցությունից հեռացել 2018-ին։ Նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ է։ Մամուլը գրում է, որ Հակոբյանը նաև կոմբինատի իրական սեփականատետերից է։

XS
SM
MD
LG