Մատչելիության հղումներ

Վարդենիս - Քարվաճառ ավտոճանապարհը կարող է դառնալ բանակցությունների թեմա


Երկու ամիս առաջ հայերի համար փակվեց 17 միլիարդ դրամ արժեցած Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի զգալի հատվածը։ «Հայաստան» հիմնադրամի պատմության ամենախոշոր ծրագիրն էր այս ավտոճանապարհը, որով այսօր երթևեկում են ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Քարվաճառ մեկնող ադրբեջանցի շինարարների ճանապարհն օրեր առաջ փակել էին Դրմբոն գյուղի բնակիչները։ Իրենց հետ բանակցելու եկած ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցչին բացատրում են՝ եթե ադրբեջանցիները կարող են հայկական բնակավայրերով՝ Գետավան, Դրմբոն, անցնել գնալ Քարվաճառ, մենք ինչո՞ւ չենք կարող Վարդենիս կամ Երևան գնալ։

Ռուսները խոստացան խնդիրը տեղ հասցնել։ Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանի խոսքով, սա բողոք չէր, այլ խաղաղ առաջարկ խաղաղապահներին։ Իրենք 80 կիլոմետրանոց ճանապարհը թողած, պտտվում են շուրջ 500 կիլոմետր՝ Գորիս – Լաչինով․ - «Ե՛վ մեր գյուղի համար, և՛ մեր հարակից գյուղերի համար դա ամենակարճ ճանապարհն ա Հայաստանի հետ։ Ամեն ինչով տուժվում են»։

Դրմբոնում հույս ունեն, թե խաղաղ ակցիան կրկնելու կարիք չի լինի․ - «Իմ կարծիով, ռուսական կողմը կտա դրական պատասխան»։

ճանապարհը բացելու համար ճանապարհ փակել են ցանկանում նաև Գեղարքունիքի մարզի բնակիչները, ասում է այս մարզից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա շեշտեց, որ Վարդենիս - Քարվաճառ ավտոճանապարհը հայկական կողմի համար էլ բաց պահելու հարցը ինքը բարձրաձայնել է նոյեմբերի 10-ից անմիջապես հետո, իսկ երկու օր առաջ խնդիրը բանակցային թեմա դարձնելու առաջարկով արտգործնախարարին է դիմել։

«Այս հարցը շատ բնական հարց է, որը հնչում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի փաստաթղթից հետո։ Մասնավորապես, այնտեղ հստակ նշված է, որ պետք է տնտեսական և տրանսպորտային բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվեն։ Եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, ուրեմն առնվազն տրամաբանական է, որ պետք է վերագործակվի նաև Քարվաճառի ավտոճանապարհը», - «Ազատությանն» ասաց պատգամավորը։

Ճանապարհի անվտանգ գործարկումը, ըստ նրա, հնարավոր է․ ռուս խաղաղապահները կարող են ուղեկցել կամ հենակետեր ունենալ․ - «Կան հատուկ օրեր, հատուկ ժամեր, որոնք ռուս խաղաղապահների հետ նախապես համաձայնեցվում են, և ավտոճանապարհը դառնում է անցանելի։ Հիմա մենք կարող ենք նույն սկզբունքով պայմանավորվել․ ամեն օր, ենթադրենք, ժամը 10-ից մինչև 4-ը ավտոճանապարհը երթևեկելի է, կարող են բոլորը ուղեկցումով անցնել։ Այսինքն՝ ավտոճանապարհը լինի լիարժեքորեն անվտանգ և անցանելի»։

Դրմբոնի հանքավայրը հենց Գեղարքունիքից բազմաթիվ աշխատակիցներ ունի։ Թագուհի Թովմասյանն ասում է, որ Մարտունուց, Ճամբարակից ու Վարդենիսից են իրեն դիմել՝ դեպի Դրմբոն 80 կիլոմետրանոց ճանապարհը թողած, 24 ժամ ճամփա գնում, որ հասնեն աշխատավայր․ - «Մարդիկ իրենք հիմա բարձրաձայնում են ու ստիպում են օրվա իշխանություններին գնալ այդ բանակցությունների սկսման ճանապարհով»։

Դրմբոնից հանքում 90 վարդենիսցի է աշխատում, ու դա Արցախում միակ աշխատավայրը չէ, վերջերս 100 շինարար Վարդենիսից Արցախ աշխատելու է գնացել, ասում է վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը․ - «Իրանց համար հատուկ տրամադրվում ա երթևեկության տրանսպորտ, որով գնում-գալիս են հերթափոխից հերթափոխ։ Բնականաբար, բարդացել ա»։

Մարդաշատ, 24-ժամյա հոսքի մեկ օրում կանգ առնելը նաև տնտեսական հետևանքներ է ունենում։ «Ամեն ինչից կտրվեցինք», - ասում է քաղաքապետը։ - «Սպասարկման ոլորտում շատ-շատ՝ Ավտոտեխսպարկման կետեր, սննդի կետեր, հյուրանոցային համալիրներ․․․ Մի խոսքով՝ շատ-շատ բաներում ա տուժում համայնքը»։

Գեղարքունիքի մարզպետն էլ է հաստատում՝ բազմաթիվ բիզնեսներ մարզում այժմ վտանգված են։ Կենսական այս ճանապարհը վերագործարկելու հարցով, Գնել Սանոսյանի փոխանցմամբ, բանակցում են։ Շատ խոսել այս դեպքում էլ խորհուրդ չեն տալիս․ - «Հիմա էլ շատ չեմ ուզենա դրա մասին խոսել։ Բայց ճանապարհը մեզ համար կարևոր է արցախյան հայրենակիցների հետ կապվելու համար, և ինչ-որ մեթոդ ենք փորձում փնտրել ռուս գործընկերների հետ, որպեսզի ինչ-որ գրաֆիկով ճանապարհը կարողանանք գոնե սկզբնական փուլում օգտագործել»։

Արցախի Գետավանում, հենց ճանապարհի վրա Գառնիկ Մաթևոսյանի խանութն է։ «Թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի 80 տոկոսը Վարդենիսով էր գնում-գալիս։ Առևտուրը միանշանակ ճանապարհի մարդիկ էին։ Բայց հիմա էլ արդեն չկա», - «Ազատությանն» ասաց Մաթևոսյանը։

Ապրանք այժմ թանկ է վաճառում, քանի որ թանկ էլ գնում է․ դեպի Վարդենիս ու Երևան ճամփա չկա, ամեն ինչ Ստեփանակերտից է բերում։ Թանկ ապրանքի միակ գնորդներն այժմ ռուս խաղաղապահներն են, ադրբեջանցիների մեքենաները նրա խանութի առջև չեն կանգնում։

Գառնիկը դեռ չգիտի կարո՞ղ է նրանց որևէ բան վաճառել թե ոչ։ Բայց ճանապարհի վերագործարկմանն անհամբեր են սպասում։ Միայն թե, ասում է, չխառնվենք, երթևեկենք առանձին առանձին։

Ադրբեջանական կողմն այսօր էլ Հադրութից Շուշի հասնում է հայկական բնակավայրերով՝ դարձյալ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Լուրջ միջադեպեր չեն եղել, բայց Դրմբոնի գյուղապետն ասում է, որ հայկական գյուղերով անցնելիս նրանք վիրավորական ժեստեր են անում։

Դրմբոնի խաղաղ ցուցարարները այս նուրբ հարցն էլ են խաղաղապահներին ներկայացրել, ասել են՝ սիրուն չէ, մեր նյարդերի հետ խաղալ պետք չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG